Université Nationale d'Architecture et de Construction D'Arménie
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, մարտի 24-ին կազմակերպվել էր «Պատմական միջավայրի վերակենդանացում՝ հնի ու նորի համադրմամբ (IACOBUS)» ծրագրի և մրցույթի ներկայացումը՝ ՃՇՀԱՀ-ում իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնող ֆրանսիացի երկու երիտասարդ ճարտարապետներ՝ Աստրիդ Դյումայի և Ֆանտին Պենգոյի մեկնաբանմամբ:
IACOBUS մրցութային ծրագիրը մեկնարկել է 1995թ-ին, իսկ այս տարի անցկացվում է արդեն թվով 22-րդ մրցույթը: Մրցույթի կանոնների համաձայն՝ դիպլոմային նախագծերն իրականացվում են մի երկրում, իսկ պաշտպանությունը՝ մեկ այլ:
IACOBUS ծրագրին մասնակցում էին Իսպանիայի Կորունայի համալսարանի, Գերմանիայի Ռեգենսբուրգ համալսարանի, Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսանողների մշակած նախագծերը նրանց դիպլոմային ավարտական աշխատանքներն էին:
Աստրիդ Դյումայի և Ֆանտին Պենգոյի ներկայացրած նախագիծը նպատակ էր հետապնդում նորագույն լուծումներով վերակազմավորել քաղաքի կենտրոնում գտնվող պատմական բանտի մասնաշենքը, որն իր մեջ ներառելու է սրճարան, ՍՊԱ կենտրոն և ժամանցի գոտի: Նախագիծը միտված էր պատմամշակութային արժեքների, հիշողությունների և ժառանգության պահպանմանը` հնի ու նորի համադրությամբ, քանի որ, ինչպես նշեցին ուսանողուհիները, ծրագիրը նպաստում է նաև միջմշակութային փոխանակումներին և մշակութային արժեքների պահպանմանը:
Ներկայացմանը հաջորդած ակտիվ հարց ու պատասխանը վկայեց, որ թեման հետաքրքիր և հոգեհարազատ էր ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և հանդիպում-քննարկմանը մասնակցող հյուրերի համար: