(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«CV-Ի ՈՒԺԸ». ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Մարտի 16-ին, 18-ին և 19-ին տեղի ունեցավ եռօրյա փոխգործուն (ինտերակտիվ) սեմինարների շարք, որը վարեց ՃՇՀԱՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս, փորձառու մասնագետ Աննա Գրիգորյանը (մենեջեր Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթ Էլ ԷՄ ՍՊԸ-ում):

Սեմինարների երկրորդ օրը Ա. Գրիգորյանի հետ համատեղ «Հարցազրույցի կանաչ ու կարմիր լույսերը» թեման ներկայացրեցին հրավիրյալ մասնագետներ Աննա Ակուլյանը («Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲԸ-ում կադրերի գծով ավագ մենեջեր) և սեմինարի երրորդ օրը՝ «Ինչպե՞ս ներկայանալ գործատուին» թեման՝ Մարիանա Էդիլյանը (ID բանկում կադրերի գծով տնօրեն)։

Սեմինարն անցավ ջերմ ու հետաքրքրական մթնոլորտում: Մասնակիցները ոչ միայն կարողացան համալրել իրենց գիտելիքները, այլև գործնականորեն դրանք կիրառել՝ ստանալով բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Սեմինարի առաջին օրը («CV-ի ուժը») մասնակիցները ծանոթացան ինքնակենսագրականի (CV) նշանակությանը, բովանդակային, կառուցվածքային առանձնահատկություններին, ինքնակենսագրական կազմելու սխալներին, արդիական մոտեցումներին:

Սեմինարի երկրորդ օրը («Հարցազրույցի կանաչ ու կարմիր լույսերը») մասնակիցներին ներկայացվեցին հարցազրույցների կանաչ ու կարմիր լույսերը, քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում էին գործատուին պատշաճ ներկայանալուն և նրա նկատմամբ դրսևորվող որոշակի մոտեցումներին:

Սեմինարի երրորդ օրը («Ինչպե՞ս ներկայանալ գործատուին») մասնակիցներին CV-ին ներկայացվեց որպես «վաճառքի առարկա», մանրամասնվեցին մի շարք առանցքային հարցեր՝ ի՞նչ բովանդակությամբ նամակ (Cover letter) կցել CV-իին, ինչպե՞ս ներկայանալ գործատուին առավել շահեկան դիրքից, ինչպե՞ս հաղթահարել փորձաշրջանը և դրան առնչվող դժվարությունները:

Սեմինարը ամփոփվեց հարց ու պատասխանով: Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում կազմելու CV և ստանալու մասնագիտական խորհրդատվություն, գործնական օրինակի վրա իրականացվեց նաև աշխատանքի ընդունման հարցազրույցների մոդելների վերարտադրում:

ՃՇՀԱՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը շնորհակալություն հայտնեց ոլորտի առաջատար մասնագետներին՝ հրավերը ընդունելու, դասընթացը իրականացնելու և մասնակիցներին գործնական հմտություններ փոխանցելու համար՝ ընդգծելով նմանօրինակ սեմինարների կարևորությունը, քանի որ դրանք նպատակաուղղված են՝ օգնելու երիտասարդներին հաղթահարել աշխատանքի ընդունման նախնական փուլի դժվարությունները, ձեռք բերել գործատուին պատշաճ ներկայանալու ու փորձաշրջանն արդյունավետ անցնելու հմտություններ:

22.03.21