Հարգելի դիմորդ,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցման, անվճար և վճարովի համակարգով մագիստրատուրա կարող է սովորել բակալավրի, դիպլամավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով`
Առաջին փուլով` դիմորդների փաստաթղթերը Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար ընդունվում են մայիսի 27-ից հունիսի 19-ը ներառյալ` մինչև ժամը 17:00, իսկ մրցույթի ամփոփումը մինչև հունիսի 26-ը, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:
Երկրորդ փուլով` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են մայիսի 27-ից հունիսի 19-ը ներառյալ` մինչև ժամը 17:00 և հուլիսի 20-ից օգոստոսի 21-ը, մրցույթի ամփոփումը մինչև սեպտեմբերի 1-ը, ըստ նախարարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա վճարովի ուսուցման տեղերի:
Մագիստրոսական որոշ կրթական ծրագրերով ընդունելությանը կարող են դիմել բացառապես տվյալ կրթական ծրագրի ընդունելության համար սահմանված հավելյալ պարտադիր պահանջները բավարարող դիմորդները, ովքեր պետք է հանձնեն ընդունելության մասնագիտական մուտքային քննություն:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի բնօրինակները և պատճենները,
- Դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
- Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները կամ ակադեմիական տեղեկանք` կնքված և ստորագրված (ներկայացնում են դեռևս ավարտական փաստաթուղթ չստացած տվյալ տարվա շրջանավարտները),
- Օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար դիպլոմի հետ ներկայացնում են Հայաստանի Հանարապետությունում ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկանք դիպլոմի համարժեքության մասին,
- ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը,
- Դիմորդները մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների համար վճարում են 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է փոխանցել «ՃՇՀԱՀ հիմնադրամ»-ի հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով` անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը (Այն դիմորդները, ովքեր ներկայացնում են ներքոնշյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի բնօրինակն ու պատճենը` ազատվում են ընդունելության ծառայությունների համար գանձվող գումարի վճարից):
ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին (ներկայացնել պահանջվող փաստաթղթերը)`
- «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև մինչև ուսումնառության ավարտը,
- 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձինք, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
- Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների և համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգի 15-րդ և 16-րդ կետերի առաջնահերթությամբ․
- նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով։
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված Դիզայն, Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), Ճարտարապետություն, Շինարարական ճարտարագիտություն, Գեոմատիկա, Զբոսաշրջություն, Շրջակա միջավայրի պահպանություն մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300 (ներքին` 933), նաև հայտագրումն իրականացվում է առցանց տարբերակով:
Հարգելի՛ դիմորդ,
2026-2027 ուստարվա անվճար համակարգով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության քննությունների օրը սահմանված է հունիսի 25-ը, ժամը 10:00: Քննասենյակների մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն:
Անվճար և վճարովի համակարգերով, առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության համար հատկացված տեղերի քանակները նախնական են:
Տեղեկացնում ենք, որ ընդունելության դիմում-հայտում նշված մագիստրոսական երկու կրթական ծրագրով համալսարանի սահմանած կարգով համապատասխան խումբ չձևավորվելու կամ մրցույթներից դուրս մնալու դեպքում ընդունված դիմորդին հնարավորության դեպքում առաջարկվում է մասնակցելու այլ կրթական ծրագրով ընդունելության մրցույթին։