(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԻՏԱԼԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՕՐԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Իտալիայի դիզայնի օրերի մեկնարկը տրվեց մեծ հանդիսությամբ և պատվավոր հյուրերով: Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, ՀՀ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Իտալիայից ժամանած ճարտարապետների պատվիրակությունը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՃՇՀԱՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ճարտարապետներ, դիզայներներ և ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանությանը՝ Իտալիայի դիզայնի օրերն արդեն 3-րդ անգամ մեր համալսարանում նշելու և տարիների շարունակական արդյունավետ կապերի համար. «Մենք համագործակցում ենք իտալական մի շարք բարձրակարգ արվեստի, ճարտարապետական դպրոցների հետ, իրականացնում ենք կրթական ու մշակութային բազմապիսի ծրագրեր և համատեղ նախագծեր»,-նշեց ռեկտորը՝ հավելելով, որ մեծագույն պատիվ և հաճույք է հյուրընկալել իտալացի անվանի ճարտարապետներին՝ հնարավորություն տալով ուսանողներին ծանոթանալ ժամանակակից իտալական դիզայնի ու ճարտարապետության նորարարություններին:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն խորհրդանշական ու անչափ կարևոր համարեց դիզայնի օրերը, հատկապես, մեր համալսարանում, դեսպանի խոսքով՝ հայկական ճարտարապետության ոլորտի տաճարում անցկացնելու հանգամանքը: Խոսելով ժամանակակից ճարտարապետության գործառույթների մասին՝ դեսպանը նշեց, որ այն պետք է ուղղված լինի կյանքի վերարտադրողականությանը և համապատասխանի շրջակա միջավայրին: Այս համատեքստում նա կարևորեց դիզայնի օրերի շրջանակում իտալացի ճարտարապետների՝ «Խելացի քաղաք» խորագրով նախագծերի ցուցադրությունն ու նախատեսված դասախոսությունները:

Միջոցառման կարևորությունը՝ հայ-իտալական մշակութային կապերն առավել ամրապնդելու տեսանկյունից, ընդգծեցին նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը և ՀՀ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Փոխնախարարը նշեց, որ սա լրացուցիչ հնարավորություն է ուսանողների համար՝ ծանոթանալու ճարտարապետության և դիզայնի ոլորտում համաշխարհային ձեռքբերումներին ու նորարարություններին:

«Նախադեպը ունենք, երբ հայ և իտալացի ճարտարապետներ՝ ուսանողների հետ համատեղ, վերականգնել են հին հայկական եկեղեցիներ»,-նշեց Արմեն Ղուլարյանը:

Իտալացի ճարտարապետներն էլ խոսեցին Հայաստանից ստացած իրենց աննկարագրելի տպավորությունների, հեղինակած նախագծերի և կայանալիք դասախոսությունների թեմաների շուրջ:

22.03.19