Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Համալսարան

Հայաստանում  ճարտարապետաշինարարական բարձրագույն կրթությունը սկիզբ է առել 1921 թվականի հոկտեմբերից` Երևանի պետական համալսարանի ստեղծման հետ միասին, որի տեխնիկական ֆակուլտետում բացվել են ինժեներաճար­տարա­պետական և ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտությունները: 1927 թ. փետրվա­րին այդ մասնագիտություններն անվանափոխվեցին. առաջինը վերանվանվեց «քաղաքա­ցիա­կան շինարարություն», իսկ երկրորդը` «ճանապարհների և հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարություն»:
1928 թ. տեխնիկական ֆակուլտետն ավարտած առաջին յոթ շրջանավարտները ստացան ճարտարապետի որակավորում: Ֆակուլտետը երկրորդ անգամ շրջանավարտներ է տվել 1930 թվականին` 10 ինժեներ-ճարտարապետներ և 22 ինժեներ-հիդրոտեխնիկներ:

1930 թ. հուլիսին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեց  ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, որի կազմակերպիչն ու առաջին տնօրենը դարձավ ճարտարապետության անվանի գործիչ Միքայել Մազմանյանը: Շինարարական ինստիտուտն ուներ երեք ֆակուլտետ` ճարտարապետա­շինարա­րական, հիդրոտեխնիկական և քիմիական: 1933 թ. ինստիտուտում մնացել էր մեկ ֆակուլտետ (հիդրոտեխնիկականը վերացվել էր, իսկ քիմիատեխնոլոգիականը դարձել էր առանձին ինստիտուտ), որտեղ ընդգրկված էին 354 ուսանող և 61 դասախոս:

1933 թ. փետրվարին շինարարական ինստիտուտը վերակազմավորվեց պոլի­տեխ­նիկականի` ընդգրկելով նաև մինչ այդ առանձին գոյություն ունեցող քիմիա­տեխ­նոլո­գիական ինստիտուտը: Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման ուղիներին ու պահանջներին համապատասխան` տարեցտարի ընդլայնվեց շինարարա­կան ֆակուլտետի մասնագիտությունների ցանկը, ավելացավ դիմորդների թիվը:

Պատերազմի տարիներին մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպվեց ասպիրանտուրա, ինստիտուտը ստացավ գիտական ատենախոսությունների պաշտպա­նու­թյան իրավունք:

1955թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց ճարտարապետ Արտաշես Մամիջանյանի նախագծով կառուցված պոլիտեխնիկական ինստիտուտի նոր համալիրի կենտրոնական մասնաշենքը:

1959թ. շինարարական ֆակուլտետում գոյություն ուներ 6 մասնագիտություն` «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «ճարտարապետություն», «հիդրոտեխնիկական շինարարություն», «ավտոմոբիլային շինարարություն», «ջրամատակարարում և կոյուղի», «ջերմագազամատակարարում»: Շինարարական ֆակուլտետը միշտ ճանաչվել է իր ուսումնաարտադրական և գիտահետազոտական բեղմնավոր գործունեությամբ: Հանրապետության արդյունաբերական և շինարարական գրեթե բոլոր խոշոր կառույցներն, ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք խոշոր օբյեկտներ  իրականացվել են շինարարական ֆակուլտետի սաների միջոցով: 1974 թ. մայիսին շինարարական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեցին ճարտարապետա­շինարա­րական և ինժեներաշինարարական ֆակուլտետները: Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի կազմի մեջ մտան «ճարտարապետություն», «արդյունաբերական և քաղա­քացիական շինարարություն», «շինարարական կոնստրուկցիաների և շինվածքների արտադրություն», «շինարարության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտություն­նե­րը: Ինժեներաշինարարական ֆակուլտետում դասավանդվում էին «գետային կառուց­վածքների և հիդրոէլեկտրակայանների հիդրոտեխնիկական շինարարություն», «ջերմա­գա­զա­մատակարարում և օդափոխություն», «ջրամատակարարում և կոյուղի», «ավտո­մոբիլային ճանապարհներ», «կամուրջներ և թունելներ» մասնագիտությունները:

Հայաստանում ինժեներական կադրերի պահանջը բավարարելու և ուսուցման գործընթացը մայրաքաղաքից հեռու բնակվողներին մատչելի դաձնելու նպատակով 1959 թվականին Գյումրիում և Վանաձորում ստեղծվեցին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղերը: Գյումրիի մասնաճյուղում 1960թ. կազմակերպվել է ուսուցում «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտության գծով` սկզբում հեռակա, 1966 թվականից` երեկոյան, իսկ 1967 թվականից` ցերեկային բաժիններում: Վանաձորի մասնաճյուղում «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունը բացվեց սկզբում երեկոյան ուսուցման բաժնում 1960-61 ուս. տարում: 1963-64 ուս.  տարում այն կազմակերպվեց նաև մասնաճյուղի ցերեկային, 1964-65 ուս. տարում` երեկոյան բաժիններում:

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն օգնել է Դաղստանի Հանրապետությանը ինժեներական կադրեր պատրաստելու գործում: 1959 թ. սկսած` Դաղստանի կառա­վա­րա­կան մարմինների խնդրանքով 25 դաղստանցի դիմորդներ արտամրցույթային կար­գով ընդունվել և ավարտել են ինստիտուտը, նրանց  մեծ մասը հատկապես  շինարա­րական ֆակուլտետի շրջանավարտներ են:

Սկսած 1920-ական թվականներից` տեխնիկական ֆակուլտետի ընդունելության պլաններում ամեն տարի որոշակի տեղեր էին հատկացվում արտասահմանցի հայ երիտասարդների ուսուցման համար: Ֆակուլտետում և հետագայում պոլիտեխնիկական ինստիտուտում սովորել են մեծ թվով սփյուռքահայ երիտասարդներ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Իրանից, Հորդանանից, Բուլղարիայից, Կիպրոսից, Եգիպտոսից, Եթովպիայից, Ուրուգվայից, Արգենտինայից, Թուրքիայից և այլ երկրներից:

Հայկական ԽՍՀ նախարարաների խորհրդի` 1989 թ. հուլիսի 11-ի որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիմքի վրա ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, որը 2000 թ. հուլիսին վերանվանվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, իսկ 2014 թվականին` Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան: Առանձին բուհի ստեղծման նպատակը ճարտարապետների և քաղաքաշինության բնագավառի մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավումն էր, ինչպես նաև շինարարության և հայկական ճարտարապետաշինարարական գիտության հետագա զարգացումը:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առա­ջին ռեկտորն է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստ Բեգ­լա­րյանը: 2006 թվականից համալսարանի ռեկտորն էր տեխնիկական գիտություն­ների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

2014 թվականից համալսարանի ռեկտորն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը:

2002 թ. հունիսին նշվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 80-ամյա հոբելյանը, որին  մասնակցեցին հանրապետության բուհերի ներկայացուցիչները, ԱՊՀ երկրների պատվիրակները, հյուրեր ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:

Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից մինչև ներկայիս Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն ընկած 95 տարիներին ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով բուհը տվել է  է շուրջ 30 հազար շրջանավարտ, որոնցից շատերն իրենց ներդրումն են ունեցել երկրի ճարտարապետաշինարարական վերելքի գործում, դարձել գիտաշխատողներ, ուսումնական, նախագծային և շինարարական գործի հմուտ կազմակերպիչներ, ղեկա­վա­րել են ոլորտի զարգացման ընթացքը: Սկսած 1966 թվականից` Հայաստանում ճար­տարապետի և շինարարի որակավորում են ստացել շուրջ 967 արտասահմանցի երիտա­սարդներ, որոնք, աշխատելով աշխարհի տարբեր երկրներում, բարձր են պահում իրենց կրթօջախի պատիվը` բերելով նրան լայն ճանաչում: Ճար­տարա­պե­տու­թյան և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտնի է  աշխարհի ճարտարա­պետա­շինարարական մասնագիտությամբ լավագույն բուհերի շարքում: Դրա վկայու­թյունն այն է, որ համալսարանի շրջանավարտները միշտ էլ առաջնակարգ տեղեր են գրավում միջազգային մրցույթներում և ստուգատեսներում, համալսարանի դիպլոմն այսօր ճանաչվում է աշխարհի մի շարք առաջավոր երկրներում: