(010) 303-300

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում  կայացավ ավագ դպրոցի աշակերտների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որը միավորեց տաղանդավոր երիտասարդներին և ընդգծեց նրանց ստեղծագործական ներուժը։ Ներկայացված աշխատանքները ոչ միայն ինքնատիպ և առանձնահատուկ էին, այլև կարող են ծառայել որպես լավագույն օրինակ մյուսների համար՝ ձևավորելով շարունակական և բարի ավանդույթ։

Ցուցահանդեսում ներկայացված էին չորս աշակերտների աշխատանքներ, որոնք ներկայացվել էին նաև միջազգային տարբեր հարթակներում։

Դավիթ Սողոմոնյանը և Գոհար Գրիգորյանը ներկայացրել են երեք նկարից բաղկացած շարքեր, որոնք ցուցադրվել են Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպված «Արեւեթյան բազե»  միջազգային մրցույթ-ցուցահանդեսում և իրենց տարիքային խմբում արժանացել են Գրան պրի մրցանակների։ Լաուրա Սիրունյանի աշխատանքը ներկայացվել է Լոնդոնում անցկացված միջազգային մրցույթում, որտեղ 72 երկրից ներկայացված մասնակիցների շարքում Հայաստանը ճանաչվել է հաղթող։ Նա հանդես է եկել ազատ թեմայով երեք աշխատանքներով։ Հասմիկը ևս իր տարիքային խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որից հետո նրա աշխատանքը ներկայացվել է Իտալիայի թանգարաններից մեկում՝ բացման արարողության շրջանակում, ինչպես նաև հաղթող է ճանաչվել Universe Art մրցույթում։

Համալսարանի ռեկտորը, անդրադառնալով ցուցահանդեսին, ընդգծել է, որ ներկայացված աշխատանքները վկայում են աշակերտների ստեղծագործական մեծ ներուժի և մտածողության ինքնատիպության մասին։ Նա նշել է, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են երիտասարդների տաղանդը բացահայտելու, այն զարգացնելու և միջազգային ասպարեզում արժանապատվորեն ներկայացնելու համար։

Ցուցահանդեսը դարձավ ոչ միայն աշակերտների ձեռքբերումների ամփոփում, այլև նոր հաջողությունների մեկնարկային կետ՝ ոգեշնչելով նրանց շարունակել ստեղծագործել, զարգանալ և վստահ քայլերով ներկայանալ միջազգային ասպարեզում։

 

08.05.26