(010) 303-300

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Ուսանողների միջազգային օրը խորհրդանշական մեկնարկ է տրվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի ուսանողական կացարանների ստեղծման նախաձեռնությանը․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՃՇՀԱՀ-ի միջև։ Փաստաթուղթը վերաբերում է ծրագրի շրջանակում ուսանողական կացարանների նախագծման աշխատանքներում կողմերի համագործակցությանը։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով խորհրդանշական է համարել, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի ուսանողական կացարանային համալիրի ստեղծման մեկնարկն ազդարարվում է Ուսանողների միջազգային օրը։

Նախարարի խոսքով՝ ուսանողների զգալի մասն ուսումնառության ընթացքում բախվում է կեցության հարցերի կարգավորման խնդրին, իսկ անշարժ գույքի շուկայում վարձակալության գների շարունակական բարձրացման պայմաններում ուսանողական կացարանների անհրաժեշտությունն առավել քան ակնհայտ է։

«Ակադեմիական քաղաքը մեծածավալ ծրագիր է, որը պետք է տարբեր փուլերով իրականացվի։ Առաջին փուլի ամենակարևոր անելիքներից մեկը, համաձայն Կառավարության ծրագրի, ուսանողական կացարանների կառուցումն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նա հավելել է, որ կացարաններից հնարավորություն կունենան օգտվելու նաև ներկայումս սովորող այն ուսանողները, որոնք մարզերի տարբեր բնակավայրերից իրենց ուսումը կազմակերպում են մայրաքաղաքի բուհերում, քանի որ դրանք շահագործման կհանձնվեն մինչև ամբողջական Ակադեմիական քաղաքի գործարկումը։

Կարևորելով ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցությունը՝ նախարարը հիշեցրել է, որ համալսարանը ներգրավված է եղել նաև Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում։

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը մեզ համար շատ կարևոր նախագիծ է ոչ միայն բուհական նոր միջավայրի ձևավորման, այլև կրթական և մասնագիտական նոր փորձառության ու միջազգայնորեն մրցունակ չափանիշների սահմանման առումով։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներգրավվածությունը և միջազգային տարբեր գործընկերների հետ այս նախագծում աշխատելու փաստը հնարավորություն են տալիս առնչվելու առաջավոր փորձին։ Ուսանողական կացարանները տիպային շենքեր պետք է լինեն։ Քննարկումների ժամանակ բնական հարց առաջացավ՝ ինչու հենց այս ամենակարևոր աշխատանքում չներգրավել նաև այս ուղղությամբ սովորող ուսանողներին՝ նրանց համար ապահովելով մասնագիտական փորձառության և պրակտիկայի հնարավորություն։

Այդպիսով՝ ուսանողներն իրենց ներդրումը կունենան, իրենց բաժին քարը կդնեն Ակադեմիական քաղաքի կառուցման գործում՝ ամուր կապվելով բարձրագույն կրթության որակի բարձրացման, մրցունակության համար ամենաառանցքային այս ծրագրերի հետ, որն արդեն տեսանելի ապագա է դառնում»,- ընդգծել է նախարարը։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանն իր հերթին նշել է, որ Ուսանողների միջազգային օրվա առթիվ մեկնարկող նախաձեռնության առանցքում ուսանողներն են և նրանց կրթական միջավայրը։

«Ստորագրվող հուշագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում մեր համալսարանի մասնագիտական փորձն ու գիտակրթական ներուժն ակադեմիական քաղաքի ուսանողական կացարանների նախագծմանն ուղղելու և ուսանողների կարիքներին համապատասխան միջավայրի ձևավորմանը նպաստելու համար։ Ուսանողական կացարանները պարզապես բնակելի տարածքներ չեն, դրանք պետք է լինեն անվտանգ, հարմարավետ, ներառական և կայուն միջավայրեր, որտեղ ուսանողները կարող են ապրել, սովորել ու ձևավորել ակտիվ համայնք։ Դրա համար անհրաժեշտ է համադրել ճարտարապետական մտածողությունը, շինարարական ու ինժեներական լուծումները, քաղաքաշինական մոտեցումներն ու ուսանողների կարիքների ճիշտ ըմբռնումը»,- ասել է Մանուկ Բարսեղյանը։

Ռեկտորը վստահեցրել է, որ համալսարանն իր մասնագիտական փորձն ու գիտակրթական ներուժը կներդնի ծրագրի իրականացման գործում՝ իրեն վերապահված աշխատանքները կատարելով լավագույնս։

Այնուհետև տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԲԿԳԿ նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։

Համագործակցության շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական հանդիպումներ, ինչպես նաև՝ սահմանված պահանջներին համապատասխան, ուսանողները դասախոսների ղեկավարությամբ կներգրավվեն փորձնական ուսուցման, պրակտիկայի, հետազոտական և նախագծային աշխատանքներում։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջին փուլում՝ 2027 թվականից, նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար նախատեսված ժամանակակից կացարանների նախագծման, կառուցման և բնակելի այլ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Ժամանակակից բնակելի միջավայրի ձևավորմանը զուգահեռ կիրականացվեն նաև տեխնոլոգիական կլաստերի և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների ապահովման աշխատանքները։

18.11.26