Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ արվեստագետ Տիգրան Սոսոյանի անհատական ցուցահանդեսը, որը համախմբել էր համալսարանի դասախոսական կազմին, ուսանողներին և արվեստասեր այցելուներին։
Ցուցահանդեսում ներկայացված էին հեղինակի տառարվեստի, գրաֆիկայի և գեղանկարի աշխատանքները, որոնք աչքի էին ընկնում ինքնատիպ մտածողությամբ, գեղարվեստական արտահայտչամիջոցների բազմազանությամբ և ժամանակակից մոտեցումներով։ Յուրաքանչյուր ստեղծագործություն բացահայտում էր հեղինակի ներաշխարհը՝ համադրելով ազգային գեղարվեստական ավանդույթներն ու արդի ստեղծագործական լեզուն։
Միջոցառումը կազմակերպվել էր ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի կողմից՝ նպատակ ունենալով խթանել արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ուսանողների գեղագիտական ընկալումը և ստեղծել մասնագիտական շփման հարթակ։
Ցուցահանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու հեղինակի ստեղծագործական ուղուն, քննարկելու ներկայացված աշխատանքները և արժևորելու ժամանակակից արվեստի կարևորությունը կրթական միջավայրում։