(010) 303-300

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ․ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Հայաստանի ճարտարապետների պալատում հանդիպել են քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ուսանողներն ու դասախոսները։

Մասնագիտական հանրության հետ քննարկվել են ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները, առաջիկա ծրագրերը, համատեղ վերհանվել խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մասնագիտական հանրույթի հետ քննարկումները, առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների ոլորտում կատարվող աշխատանքները։ Վերջին տարիներին Կառավարությունն էականորեն ավելացրել է հուշարձանների վերականգնման բյուջեն․ 2022 թվականի համեմատ 2025 թվականին հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտում պետական հատկացումներն աճել են ավելի քան 500 տոկոսով․ «Սակայն, այս աճը նաև լուրջ մարտահրավերներ է առաջացնում, քանի որ պահանջում է համապատասխան մասնագիտական կարողություններ և որակյալ կադրեր։ Մեր հիմնական նպատակը հուշարձանների վերականգնումն ու պահպանումն է․ այս աշխատանքներում ցանկացած անզգույշ կամ ոչ լիարժեք մասնագիտական քայլը կարող է հակառակ արդյունքի բերել»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել և կարևորել է ԿԳՄՍ նախարարությունում գործող գիտամեթոդական խորհրդի դերակատարությունը, որն ապահովում է մասնագիտական ներգրավվածությունը թե՛ նախագծման, թե՛ վերականգնման և ամրակայման իրականացման փուլերում՝ իրականացնելով համապատասխան հսկողություն։

«Մշակութային ժառանգության պահպանման և ապագա սերունդներին պատշաճ ձևով փոխանցման գործում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստմանը։ Անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանների թիվը մեծ է, և այս ոլորտում ակնհայտ է մասնագիտական կադրերի պակասը»,- ասել է նա՝ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և կարողությունների զարգացման առումով ընդգծելով բուհերի դերը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության ոլորտի բարեփոխումներից առանձնացրել է լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը, քաղաքաշինական գործընթացների թվայնացումը, տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրման ու քաղաքաշինական կադաստրի ստեղծման նախաձեռնությունները։

«Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը, որի շրջանակում ակնկալում եմ մասնագիտական հանրության ակտիվ ներգրավումը, որպեսզի համատեղ ուժերով մշակենք զարգացման հեռանկարներ և գտնենք խնդիրների կարգավորման արդյունավետ տարբերակներ»,-ասել է կոմիտեի նախագահը՝ ընդգծելով համագործակցված համատեղ աշխատանքի կարևորությունը։

Անդրադառնալով նախագծերի հեղինակների դերի բարձրացման և աշխատանքի գնահատման հարցին՝ նա տեղեկացրել է, որ ծրագրերում նախագծերի հեղինակային հսկողության մասնաբաժնի մեծացման գաղափարը քննարկումների օրակարգում է։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ բուհը նախաձեռնել է «Ճարտարապետություն» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթաց։ Նրա դիտարկմամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող փոփոխությունները պետք է զուգահեռաբար արտացոլվեն ճարտարապետական գործունեության նոր կարգավորումներում։

Հանդիպմանն անդրադարձել է եղել նաև ճարտարապետությանը վերաբերող երկու կարևոր հոբելյաններին՝ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակներին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս երկու իրադարձությունների կապակցությամբ Վարչապետի որոշմամբ ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ընդգծելով ճարտարապետական այս կարևորագույն համալիրների արժևորումը։ Նախարարը կարևորել է հոբելյանական ծրագրերում ճարտարապետական համայնքի ակտիվ ներգրավումը՝ տեղեկացնելով, Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում։

Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը շնորհակալություն է հայտնել կուտակված հարցերն անմիջական մթնոլորտում քննարկելու հնարավորության համար։ Նա հույս է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն հաճախակի, որպեսզի պալատի անդամները մշտապես իրազեկվեն ոլորտային նոր նախաձեռնությունների մասին և մասնակցեն դրանց մշակմանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շեշտել են, որ թե´ նախարարությունը, թե´ կոմիտեն բաց են առաջարկների, կառուցողական քննարկումների և հարցերի համար՝ համատեղ որոշելու դաշտի կարգավորման առավել արդյունավետ ուղիները։

29.04.26