Դիլիջանում մեկնարկել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառումը համախմբել է գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ գիտության զարգացման, համագործակցության և փորձի փոխանակման շուրջ քննարկումների համար։
Գիտաժողովի բացման արարողությանը հրավիրված է եղել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։
Միջոցառման ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շահառուները ներկայացնում են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները՝ ընդգրկելով առաջատար հետազոտությունների, գիտական խմբերի զարգացման, հեռավար լաբորատորիաների և արտերկրի գիտնականների ինտեգրման ծրագրերը։ Այս տարի առաջին անգամ ներկայացվում են նաև պետական ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված «նպատակային ծրագրերը»։
Գիտաժողովի շրջանակում զեկուցումով հանդես է եկել նաև ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Անուշ Մարգարյանը՝ ներկայացնելով «Օդատիեզերական պատկերների միջոցով շենք-շինությունների հայտնաբերման և քարտեզագրման մեքենայական ու խորը ուսուցման ալգորիթմների մշակում և ներդրում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում» թեման։
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գիտաժողովի դերը՝ որպես գիտական համագործակցության, փորձի փոխանակման և միջգիտակարգային կապերի զարգացման հարթակ։ Նա ընդգծել է, որ գիտությունը պետության և հասարակության զարգացման առանցքային գործոններից է՝ շեշտադրելով նաև գիտական արդյունքների հանրային հասանելիության և հանրայնացման կարևորությունը։
Նախարարն անդրադարձել է գիտության կառավարման համակարգի կատարելագործման, գիտական գործունեության արդյունավետ կազմակերպման և գիտական փաստերի հանրայնացման անհրաժեշտությանը՝ հատկապես ապատեղեկատվության պայմաններում։ Նա նաև նշել է, որ հաստատվել են ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրն ու գերակա ուղղությունները։
Գիտաժողովին առաջին անգամ մասնակցում են նաև «PostDoc-Armenia», «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր» և այլ դրամաշնորհային նախաձեռնությունների շահառուներ։ Միջոցառման շրջանակում երիտասարդ հետազոտողները հանդես են գալիս «Gong Show» ձևաչափով կարճ զեկույցներով։
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ և արդեն հինգերորդ տարին անընդմեջ համախմբում է գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ նպաստելով Հայաստանում ժամանակակից գիտական միջավայրի զարգացմանը։