(010) 303-300

PROFAL-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

PROFAL ընկերության  և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում արդեն մեկնարկել են  գործնական միջոցառումները։ Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը սույն թվականի հունիսի 25-ին հյուրընկալել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին։ 

Ճարտարապետության, դիզայնի և շինարարության ֆակուլտետների բակալավրիատի ուսանողները շրջայց կատարեցին Ընկերության ալյումինի, ֆասադային կոնստրուկցիաների ապակու, ֆյուզինգի, փոշեներկման և կահույքի արտադրամասերում, ծանոթացան արտադրության ամբողջական գործընթացին՝ հումքի ստացումից մինչև պատրաստի արտադրանք, PROFAL-ի մասնագետները հանգամանալից ներկայացրին արտադրության առանձնահատկությունները, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Շրջայցի ավարտին ուսանողներին ողջունեց PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը, ով իր խոսքում նշեց նմանատիպ այցերի և դրանց շարունակական լինելու կարևորությունը.

«Պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ ունենալը մեզ համար կարևորագույն սկզբունք է,  և  այդ համատեքստում մենք մշտապես խրախուսում ենք հատկապես երիտասարդ կադրերի ներգրավումը, նրանց հետ հնարավոր տարբեր համագործակցությունները՝ արտադրական պրակտիկաների, ավարտական աշխատանքները պատրաստելիս աջակցելու և այլ ձևաչափերով։ Մեր ընկերությունն ընդլայնվում է, առջևում խոշորագույն նախագծեր ունենք, ու հետևաբար մեր թիմը նոր մասնագետներով համալրելու կարիք ունենք։ Ուստի հուսով եմ, որ սա շատ լավ հնարավորություն է ձեր իսկ ոլորտում կայանալու, պահանջված մասնագետ դառնալու, և ինչու ոչ, հետագայում հենց PROFAL-ում աշխատելու համար»,- ասաց Էդգար Ավետիսյանն ու հավելեց, որ այս նախագիծը PROFAL-ի և Համալսարանի համագործակցության մեկնարկային ծրագիրն է, և այսպիսի միջոցառումները շարունակական են լինելու։

PROFAL-ի քննարկումների դահլիճում ուսանողները նաև հանդիպեցին Ընկերության ռեսուրսների կառավարման, մարքեթինգի,  Ֆասադային և ինժեներական բլոկերի և այլ բաժինների ներկայացուցիչներին։ Հարց ու պատասխանի ընթացքում Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարն ուսանողներին ծանոթացրեց PROFAL-ում ուսումնական և արտադրական պրակտիկաներ անցնելու պայմաններին, հնարավորություններին և առաջիկա ծրագրերին։

Ապագա ճարտարապետները, դիզայներներն ու շինարարները, կիսվելով իրենց տպավորություններով, նշեցին որ հագեցած ու բովանդակալից  հանդիպումից հեռանում են նոր գիտելիքներով ու փորձով.

«Շնորհակալ ենք այսպիսի ջերմ ընդունելության համար։ Բոլորիս համար սա նշանակալի նախաձեռնություն է, քանի որ համալսարանում ստացած տեսական գիտելիքները գործնական դաշտում ամրապնդելը շատ կարևոր է։ PROFAL-ի թիմում էլ ջերմ մթնոլորտ է, մասնագետները սիրով պատասխանում էին մեր բոլոր հարցերին, մանրամասն բացատրում  արտադրության յուրաքանչյուր գործընթաց»։ ասաց ճարտարապետության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Մանե Պողոսյանը։

Դիզայնի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող  Տիգրանյան Գևորգը, ում ամենաշատը տպավորել էր Ընկերության ապակու արտադրամասը, նշեց.

«Շատ հետաքրքիր էր տեսնել պատրաստման տեխնոլոգիաները, այդ մեծ հաստոցներն ու դրանց աշխատանքը։ Արդեն գիտենք, թե որ դետալը, կոնստրուկցիան կամ դուռն ու պատուհանն ինչպես են պատրաստվում, և հետագայում արդեն մեր նախագծումների ժամանակ մենք ավելի վստահ կլինենք, որովհետև արդեն գիտենք, արտադրության առանձնահատկություններն ու թե ինչ կարող ենք առաջարկել մեր նախագծերում»։

Նշենք, որ սույն թվականի ապրիլին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և PROFAL ընկերությունը համագործակցության հուշագիր էին կնքել՝ ի նպաստ երիտասարդների մասնագիտական որակների կատարելագործմանը, գիտելիքների ամրապնդմանն ու խորացմանը և կարիերային զարգացման ապահովմանը։ Հուշագրի շրջանակում ուսանողները պարբերաբար ունենալու են շրջայցեր, մասնագիտական և արտադրական պրակտիկաներ, Ընկերության մասնագիտական թիմի հետ հանդիպումներ և փորձի փոխանակման հնարավորություն։

28.06.21