Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով ներկայումս գտնվում է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (UPV)։ Պատվիրակության կազմում էիմ նաև Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը և Գիտական քաղաքականության մշակման և աշխատանքների համակարգման բաժնի ղեկավար Նելլի Մուրադյանը։
Այցի հիմնական նպատակն է ուսումնասիրել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կրթական, գիտահետազոտական և նորարարական գործունեության փորձը, կառավարման և ակադեմիական կառուցվածքի առանձնահատկությունները, ինչպես նաև զարգացնել երկու բուհերի միջև համագործակցության նոր ուղղությունները։
Այցի առանցքային իրադարձություններից էր ՃՇՀԱՀ-ի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցության հուշագրի վերակնքումը։ Փաստաթուղթը ստորագրեցին ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը և UPV ռեկտոր Խոսե Կապիլիան։ Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում կրթական, գիտահետազոտական, նորարարական և միջազգային համագործակցության խորացման համար։
Համագործակցության շրջանակում կողմերը կարևորել են ուսանողների և դասախոսների շարժունության խթանումը, համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև ճարտարապետության, շինարարության, ինժեներական կրթության, կայուն զարգացման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների զարգացումը։
Այցի ընթացքում ՃՇՀԱՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել համալսարանի ղեկավարության, շարունակական կրթության և միջազգային համագործակցության պատասխանատուների հետ։ Քննարկվել են երկու բուհերի միջև ռազմավարական համագործակցության ուղղությունները, միկրոորակավորումների, շարունակական կրթության, միջազգային շարժունության, համատեղ կրթական և հետազոտական նախագծերի իրականացման հնարավորությունները։
Պատվիրակությունն այցելել է Գեոդեզիայի, քարտեզագրության և տեղագրության բարձրագույն տեխնիկական դպրոց և Քարտեզագրական, գեոդեզիական և ֆոտոգրամետրիայի ճարտարագիտության դեպարտամենտ, Ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց, Քաղաքացիական ճարտարագիտության դպրոց, ինչպես նաև Շինարարության, բետոնագիտության և տեխնոլոգիաների համալսարանական հետազոտական ինստիտուտ (ICITECH)։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերի կազմակերպման, գիտահետազոտական գործունեության, տարածական տվյալների, քաղաքաշինական պլանավորման, շինարարական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Առանձին այց է կատարվել նաև StartUPV ձեռներեցության և ստարտափների հարթակ, որտեղ պատվիրակությունը ծանոթացել է համալսարանական նորարարության, ուսանողական ձեռներեցության և ստարտափների զարգացմանմիջավայրի կազմակերպման մոտեցումներին։
Այցի ավարտին պատվիրակությունն իրականացրել է ուսումնաճանաչողական այց Պենիսկոլա՝ ծանոթանալով տարածաշրջանի ճարտարապետական, քաղաքաշինական և մշակութային ժառանգությանը։
Այցը կարևոր քայլ էր երկու բուհերի միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ հնարավորություն տալով ոչ միայն վերակնքել համագործակցության հուշագիրը, այլև ուսումնասիրել եվրոպական առաջատար տեխնիկական համալսարանի փորձը՝ կրթական ծրագրերի կատարելագործման, շարունակական կրթության զարգացման, նորարարական միջավայրի ընդլայնման և միջազգային համագործակցության խորացման նպատակով։