Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած աշխատանքային խմբի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ջրային կոմիտեի կողմից նախատեսվող ոլորտի զարգացման ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց արդյունավետ իրականացման կարևոր նախապայմաններից է ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը և նոր կադրերի պատրաստումը։
Քննարկման ընթացքում ներկայացվել է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը երկար տարիներ իրականացնում է ջրային ոլորտի մասնագետների պատրաստում՝ բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերով, ինչպես նաև վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների միջոցով՝ հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման, շինարարության և կառավարման, ինչպես նաև ոլորտի այլ մասնագիտական ուղղություններով։
Ջրային կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են այն առաջնահերթ մասնագիտական ուղղությունները, որոնց նկատմամբ ակնկալվում է պահանջարկ՝ պայմանավորված ոլորտում նախատեսվող զարգացման ծրագրերի իրականացմամբ։ Քննարկվել են նաև մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման և շարունակական կրթության համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ պետական համակարգի և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան։
Կողմերը կարևորել են համալսարանի գիտակրթական ներուժի և Ջրային կոմիտեի ոլորտային փորձառության համադրումը՝ ընդգծելով, որ առկա կրթական ծրագրերի զարգացումն ու նոր մասնագիտական դասընթացների ներդրումը կարող են էական ներդրում ունենալ ջրային ոլորտի արդիականացման և մարդկային ռեսուրսների հզորացման գործում։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի ջրային տնտեսության կայուն զարգացմանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը պետական մարմինների, մասնագիտական համայնքի և ոլորտային գործընկերների հետ՝ նպաստելով երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների համար մրցունակ և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։