Օրերս ամփոփվեց Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի նախաձեռնած՝ գծանկարչության և գունանկարչության «Creative Russia» միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էին Հայաստանի ավագ դպրոցների, այդ թվում՝ ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները:
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի ունեցավ օլիմպիադայի մասնակիցների հավաստագրերի ու դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին կենտրոնի ներկայացուցիչ Աննա Մարգարյանը, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի տեղեկատվության և ընդունելության գծով պրոռեկտորի տեղակալ Օլգա Յակովլեվան, տարածաշրջանային հարաբերությունների հարցերով ղեկավար Անժելա Գրեսը և ՃՇՀԱՀ միջազգային կապերի վարչության ավագ մասնագետ Ժաննա Հակոբյանը:
Հավաստագրերի և 1-ին, 2-րդ ու 3-րդ կարգի դիպլոմների շնորհումից հետո՝ Աննա Մարգարյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին ու մրցանակակիրներին և հիշեցրեց, որ, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում անցկացվելիք նախընտրական փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, նրանք հնարավորություն կունենան ընդունվել Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարան՝ առանց ստեղծագործական հավելյալ քննությունների:
Հիշեցնենք նաև, որ «Creative Russia» միջազգային օլիմպիադային անց էր կացվել հունվարի 28-29-ը՝ ՃՇՀԱՀ-ում: Վերջինիս խնդիրն էր ստեղծել «Creative Russia» բառակապակցությամբ ընթեռնելի աբստրակտ ասոտիատիվ կոմպոզիցիա: