ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Արդեն վեցերորդ տարին անընդմեջ անցկացվում է «Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակ»-ի մրցույթը՝ ՃՇՀԱՀ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի գեոդեզիական առարկաներից ամենաբարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողների համար։
Վեներա Մարգարյանը եղել է ՃՇՀԱՀ-ի հարգարժան պրոֆեսոր, և 2012-2015 թվականներին ղեկավարել է Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը: Տիկին Մարգարյանի նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ ամբիոնը շարունակում է կրթել բարձրակարգ մասնագետներ, որոնք ներկայումս մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որին մասնակցում էին Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, Գիտության վարչության ղեկավար Սարգիս Թովմասյանը, Վեներա Մարգարյանի ընտանիքի անդամները, ամբիոնի դասախոսները և մրցույթի հաղթող ուսանողի համակուրսեցիները։
Միջոցառման մեկնարկին Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը մեծ հպարտությամբ հայտարարեց կրթաթոշակի հաղթողի անունը՝ «Ինժեներական գեոդեզիա» մասնագիտության ուսանողուհի Ռիմա Ծորմուտյանը: Այնուհետև Վեներա Մարգարյանի բարեկամուհիները միասին հանձնեցին կրթաթոշակը հաղթողին:
Ամփոփիչ ելույթում Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Ուրախ եմ այստեղ տեսնել մարդկանց, ովքեր կարևորում են կրթության շարունակականությունը և նվիրված են այդ գործընթացին։ Կրթությունը ոչ միայն գիտելիքների փոխանցման ուղի է, այլև անընդհատ զարգացման ու ինքնակատարելագործման գործընթաց, որն անընդհատ է ու երբեք կանգ չի առնում։ Կրթության առաջմղման և մոտիվացիայի աղբյուր հանդիսացող մարդիկ կարևոր դերակատարություն ունեն, և նրանց աշխատանքը նոր սերունդների համար ապահովում է առաջընթացի և հաջողության կայուն հիմքերը»։
ՃՇՀԱՀ ուսանողը իր խոսքում նշեց, որ ստացած պարգևավճարով ձեռք է բերելու անօդաչու սարք, որը հետագայում կօգտագործի մասնագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է կրթության շարունակականության և զարգացման կարևորությունը։