(010) 303-300

ՆԵՐՔԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ հաստատված՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն` համալսարանում գիտական ներքին դրամաշնորհային մրցույթների համար հոգաբարձուների խորհուրդը 2021 թվականի բյուջեով հաստատել էր ֆինանսավորում, որը հնարավորություն էր տալու պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչներին համատեղ նախագծեր ներկայացնելու և հաղթող ճանաչվածներին ֆինասավորելու համար:

2022 թվականի փետրվարի 4-ին Գիտական քաղաքականության վարչությունը կազմակերպել էր հաղթող նախագծերի և կատարված աշխատանքների ներկայացումը: Ինչպես նշեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանը, հաղթող են ճանաչվել 4 թեմա որոնք, ստանալով ֆինանսավորում մեկ տարվա ընթացքում, կարողացել են հասնել շոշափելի արդյունքի և պատրաստ են ներկայացնելու իրենց աշխատանքները: Հաղթող թեմաներն են՝

  1. «Կամուրջների թռիչքային կառուցվածքների գործիքային մշտադիտարկման համալիրի մշակում և փորձարկում» (ղեկավար՝ Արտաշես Սարգսյան, մագիստրանտ՝ Էլեոնոր Հարությունյան, ուսանող՝ Տարոն Բաղդասարյան),
  2. «Շինարարական մեքենաների, մեխանիզմների, գործիքների, սարքավորումների նախահաշվանորմատիվային տեղեկատվական շտեմարանի արդիականացում» (ղեկավար՝ Արմինե Ղուլյան, մագիստրանտներ՝  Արմեն Ավետյան և Սաթենիկ Հայրապետյան),
  3. «Շենքերի և շինությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված փորձարարական հետազոտությունների մեթոդաբանության մշակում» (ղեկավար՝ Սիրանուշ Էգնատեսյան, մագիստրանտներ՝ Կարեն Մովսիսյան, Սպարտակ Սարգսյան և Դավիթ Հակոբյան),
  4. «Լազերային դեֆորմամետրի նախագծում և պատրաստում» (ղեկավար՝ Հովսեփ Պետրոսյան, մագիստրանտներ՝ Վահան Գևորգյան, Տաթևիկ Խաչիկյան):

Հաղթող խմբերը սկսեցին ներկայացնել իրենց աշխատանքները համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև միջոցառմամբ  հետաքրքրված ուսանողներին: Բոլոր թեմաները ունեին իրենց արդիականությունը և կարևորությունը, այդ իսկ պատճառով ամեն աշխատանքի ներկայացումից հետո տեղի էր ունենում աշխատանքային բուռն քննարկում: ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը արժևորեց կատարված աշխատանքները՝ ընդգծելով հատկապես ուսանողների ներգրավվածությունը նմանօրինակ գիտական հետազոտություններին: Ռեկտորը նշեց, որ գիտական ներքին դրամաշորհային մրցույթները կլինեն շարունակական՝ խրախուսելով ուսանողների, երիտասարդ գիտնականների և պրոֆեսորների համատեղ ու համագործակցային աշխատանքը: Աշխատանքներից մեկը ռեկտորի առաջարկով կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ այս տարի նույնպես ներքին դրամաշնորհային մրցույթների համար հատկացվել են ֆինանսական միջոցներ:

Տեղեկացնում ենք, որ այս տարվա համար ներքին դրամաշնորհային մրցույթին դիմելու հայտերը ընդունվում են մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Մասնակցել ցանկացողները կարող են տեղեկություններ ստանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ: 

07.02.22