ՃՇՀԱՀ դասախոսները և ուսանողները գործուղվել էին Իսպանիայի Կորունիա քաղաքը, որտեղ մասնակցեցին միջազգային ուսանողական աշխատաժողովին: Աշխատաժողովը իրականացվում էր Յակոբուս+2024 կրթական ծրագրի շրջանակներում: Միջազգային աշխատաժողովին ներկա էին շուրջ 70 ուսանողներ՝ Բելգիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Հայաստանից: Հայաստանից մասնակցում էին ՃՇՀԱՀ 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի թվով 8 ուսանողներ:
Ուսանողական թեման այս տարի ընտրված էր մի հուշարձան շենք Պոնտե վեդրա զբոսաշրջային քաղաքում. պատմական հին քաղաքի կենտրոնում կա պալատ, որը սեփականատիրոջ է պատկանում և այժմ գտնվում է «վատ» վիճակում՝ խանգարելով քաղաքի ընդհանուր տեսքին: Շենքը ոչ մի կարևոր գործառույթ չի իրականացնում, այն ինչ շատ կարևոր հուշարձան է: Սեփականատերը հակված է շենքը դարձնել հյուրանոց, իսկ քաղաքային իշխանությունները ցանկանում են այն դարձնել հանրային գեղեցիկ հուշարձան՝ տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար:
Ծրագրի այս տարվա ղեկավար կողմը՝ իսպանական թիմը, նախապես ուղարկել էր բոլոր մասնակիցներին անհրաժեշտ գծագրերը, տեղեկությունները, արխիվային նյութերը, և շուրջ մեկ ամիս բոլոր ուսանողները նախնական հետազոտություն էին պատրաստել: ՃՇՀԱՀ ուսանողները պատրաստել և ներկայացրել են 4 թեմատիկ նախնական հետազոտություններ՝ արժանանալով մեծ գնահատանքի: Ուսանողները ծրագրի ընթացքում ուսումնասիրելով տեղանքը, կատարել են թիմային աշխատանքներ, ընդ որում թիմերը ներառում էին մասնակից յուրաքանչյուր երկրից ներկայացուցիչներ:
Ուսանողների ցուցաբերած արդյունքները զարմացրել էին ծրագրի ղեկավարներին և ճարտարապետներին, քանի որ նման կարճ ժամանակահատվածում ուսանողները պատրաստել էին հետաքրքիր և շատ տարբեր առաջարկներ, և նույնիսկ հասցրել էին պատրաստել մակետներ:
ՃՇՀԱՀ մասնակիցները շատ գոհ էին և շոյված նման առանձնահատուկ վերաբերմունքից՝ Կորունիայի համալսարանի ղեկավարության կողմից:
Աշխատաժողովի բոլոր մասնակից ուսանողները այժմ իրենց երկրում՝ համապատասխան դասախոսի ղեկավարությամբ, պետք է կատարեն նախագծային աշխատանքները, իսկ նախագծերի պաշտպանությունները նախատեսվում է իրականացնել մայիսի 30-ին Բելգիայում: