ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Շինարարները միայն շենք ու շինություններ չեն կառուցում, նաև՝ ընկերություն, բարեկամություն ու համագործակցություն: Գուցե ասվածն անհավանական է թվում, բայց, երբ խոսքը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ապագա շինարարների մասին է, ամեն ինչ հնարավոր է դառնում:
Դեռևս անցյալ տարի, երբ Հայաստանի Շինարարների միության նախագահի ընտրություններին մեր երկիր, ապա նաև մեր համալսարան էին ժամանել եկել Բելառուսի Շինարարների միության նախագահ Նիկոլայ Շերեմետն ու խոշոր շինարարական կազմակերպությունների ղեկավարներ, ուրվագծվեց մեր ուսանողների՝ այս տարվա ամառային, աշխատանքային «արկածները» Բելառուսում, մասնավորապես՝ Մինսկում:
Ղեկավար մարդկանց խոսքը՝ խոսք է, մեր՝ աշխատելու պատրաստակամությունն էլ՝ պողպատյա: Օրն եկավ և հուլիսի 1-ին, մեր համալսարանի շինարարության ֆակուլտետի 11 ուսանող՝ Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանի գլխավորությամբ, ուղևորվեցին Բելառուսի մայրաքաղաք:
Այստեղ նրանց դիմավորեց անձամբ «МАПИД» շինարարական կազմակերպության տնօրեն Նիկոլայ Միլոշեվսկին, ում ուղեկցությամբ մեր համալսարանի պատվիրակները շրջայց կատարեցին շինարարական թանգարանում, շինհրապարակում և ծանոթացան տեխնիկային և շինարարական նյութերին: Թերևս, հարկ է նշել, որ «МАПИД»-ը Բելառուսում այն խոշորագույն կազմակերպություններից է, որի կողմից կառուցվում են Մինսկի բնակելի շենքերի շուրջ 50%-ը և, որի ենթակայության տակ են գտնվում ևս 17 առանձին շինարարական կազմակերպություն:
Ծանոթությունից և անձրևոտ Մինսկի քմահաճույքներին ադապտացվելուց հետո՝ հաջորդ առավոտյան մեր ուսանողներն արդեն շինհրապարակում էին: Ինչպես հմուտ վարպետներ՝ նրանք անխոնջ կատարում էին իրենց առջև դրված պարտականությունները՝ եզրաքարերի և սալիկների շարում, ավազի հարթեցում և բարեկարգման ուրիշ մի շարք աշխատանքներ:
Խոստովանում են՝ մեկ ամիս տևած արտադրական պրակտիկայի ընթացքում սովորել և աշխատել են հաճույքով՝ գնահատելով ընձեռված հնարավորությունն ու գիտակցելով մասնագիտական գիտելիքների հարստացման գործում վերջինիս կարևորությունը:
Մինսկյան աշխատանքային հուլիսն ամփոփվել է ընդունելությամբ, որին ներկա է եղել նաև Բելառուսի Շինարաների միության նախագահը, փոխադարձ շնորհակալություններով, «МАПИД» շինարարական կազմակերպության կողմից՝ դեկան Հարությունյանին և ուսանողներին տրված հավաստագրերով ու վկայականներով և շարունակական պրակտիկաների պարտադիր խոստմամբ: