(010) 303-300

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՀՅՈՒՍԻՍ–ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և իտալական IRD Engineering ընկերության համատեղ նախաձեռնությամբ ՃՇՀԱՀ «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի Շ-39 խմբի ուսանողները հունիսի 29-ից հուլիսի 3-ը արտադրական պրակտիկա են անցել Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի՝ Ագարակ–Վարդանիձոր հատվածի շինարարությունում։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ճանապարհային աշխատանքների տեխնոլոգիաների կիրառմանը, կառուցվող ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքների կազմակերպմանը, որակի ապահովման տեղական և միջազգային նորմատիվային պահանջներին, ինչպես նաև ծրագրի իրականացման առանցքային գործընթացներին։

Արտադրական պրակտիկայի շրջանակներում ուսանողները մասնակցել են նախագծի ճարտարագիտական լուծումների շուրջ կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին ներգրավված էին Ինժեների, Կապալառուի և Նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք նաև հետևել են կամուրջների թռիչքային կառուցվածքների հեծանների մոնտաժման աշխատանքներին, ծանոթացել «շլուզային» ամբարձիչի աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև այցելել կառուցվող երկու թունելների շինհրապարակներ՝ տեղում ուսումնասիրելով շինարարական գործընթացներն ու թունելի երեսարկի բետոնացման աշխատանքները՝ սահող կաղապարի տեխնոլոգիայի կիրառմամբ։

Պրակտիկայի ընթացքում կազմակերպվել են նաև մի շարք ուսուցողական դասընթացներ և մասնագիտական քննարկումներ՝ նվիրված ճանապարհների, կամուրջների և թունելների շինարարության առանձնահատկություններին, ոլորտում կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին և միջազգային փորձին։

Հատկանշական էր IRD Engineering կազմակերպության առաջատար կամրջաշինարար ինժեներ Ֆաբրիցիո Կոլիչինիոյի դասախոսությունը՝ «Կամուրջների շահագործում, անվտանգություն և երկարակեցություն» թեմայով։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են կամուրջների շահագործման և սպասարկման կարևորագույն սկզբունքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Իտալիայի Ջենովա քաղաքի Պոլչևերա ավտոմոբիլային կամրջի 2018 թվականի փլուզման պատճառներին և նոր կառուցված կամրջի ինժեներական լուծումներին։

Ուսանողների համար մասնագիտական դասընթաց է անցկացրել նաև խորվաթական Institut IGH կազմակերպության կողմից իրականացվող շինարարության տեխնիկական հսկողության ծրագրի փոխղեկավար Գրիգոր Սարյանը։ Նա ներկայացրել է ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման ընթացքում կիրառվող տեխնոլոգիաները, անդրադարձել շինարարական գործընթացների առանձնահատկություններին և պատասխանել ուսանողներին հետաքրքրող մասնագիտական հարցերին։

 

20.07.26