(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃՇՀԱՀ-ՈՒՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ GeoTAK» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

«ԷՐԱԶՄՈՒՍ+ GeoTAK (617695-EPP-1-2020-1-ES-EPPKA2-CBHE-JP) Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել նախագծի կոնսորցիումի գործընկեր համալսարանների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ Շվեդիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Ղրղզստանից։ Միջոցառման հյուրընկալող կողմը Հայասատանի ազգային ագրարային համալսարանն (ՀԱԱՀ) էր, հանդիպմանը ակտիվորեն մասնակցեցին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները։

ՀԱԱՀ-ում կազմակերպվեցին տեխնիկական վերապատրաստումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ազգային գեոդեզիական ենթակառուցվածքների, գեոդեզիական կոորդինատների համակարգերի, անօդաչու թռչող սարքերի թռիչքի պլանավորման ու տվյալների ստացման և մշակման վերաբերյալ հարցեր։ Տեղի ունեցավ նաև հանդիպում ՀՀ կադաստրի կոմիտեում, որտեղ մասնակիցները քննարկեցին Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ազգային հետազոտական կենտրոնի հնարավորություններն ու առաքելությունը։ Հոկտեմբերի 13-ին նախագծի ղեկավար կազմը հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց նախագծի շրջանակում մշակվող կրթական ծրագրերին, ինչպես նաև քննարկվեց ՀՀ երեք բուհերում (ԵՊՀ, ՃՇՀԱՀ և ՀԱԱՀ) համատեղ հետբուհական կրթական փորձնական ծրագրի իրականացման հարցը:   

Հոկտեմբերի 14-ին ՃՇՀԱՀ-ը հյուրընկալեց ժամանած պատվիրակությանը կառավարման հարցերին նվիրված աշխատաժողովի անցկացման նպատակով։ Մասնակիցներին ներկայացվեց տեղեկատվություն նախագծի շրջանակում կատարված և սպասվելիք աշխատանքների վերաբերյալ։ Նախագծի ղեկավար կազմը հանդիպեց նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանին՝ քննարկելով նախագծի աշխատանքի ընթացքի ու համագործակցության նոր հեռանկարների վերաբերյալ հարցեր։

 

17.10.22