ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Դահլիճը լեփ-լեցուն էր, տրամադրությունը՝ տոնական ու խրոխտ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, ՀՀ ԱԺ պատգամավորների, Սրբազան հայրերի, հայաստանյան և արտասահմանյան բուհերի ներկայացուցիչների ու ռեկտորների կողքին էին մեր համալսարանի նախկին ու ներկա շրջանավարտները, անվանի ճարտարապետներ, շինարարներ և ուսանողներ: Ճարտարապետների ու շինարարների 95-ամյա դարբնոցն իր շուրջն էր համախմբել բոլորին:
Միջոցառման ներկաներին իր շնորհավորական ուղերձը հղեց նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ մեր երկրի համար հպարտություն է ունենալ այնպիսի համալսարան, որն արդեն 95 տարի հավատարիմ է իր առաքելությանը: Նախարարի խոսքերով՝ դահլիճում ներկա ճարտարապետների ու շինարարների սերունդներն ապացույցն են այն բանի, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կրթում է մասնագիտական հպարտություն ու պատասխանատվություն ունեցող երիտասարդների, որոնց միջև շարունակական կապն էլ ապահովում է համալսարանի առողջ և ազնիվ գործունեությունը:
Տանտիրոջ իրավունքով՝ տոնական հանդիսության հյուրերին իր բացման խոսքով ողջունեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Որպես համալսարանի նախկին ուսանող, այժմ՝ ռեկտոր Գալստյանն իր շնորհակալությունը հայտնեց բոլորին՝ միջոցառմանը ներկա գտնվելու և տոնի կայացմանն աջակցելու համար.
ՙԿրթելով 21-րդ դարի քաղաքացուն՝ մենք պարտավոր ենք միջազգայնացնել նրա մտահորիզոնը՝ հավատարիմ մնալով հայրենական մտածելակերպին ու ճարտարապետական ժառանգությանը: Այս առաքելությանն են ուղղված մեր համալսարանի ջանքերը, ինչի ապացույցն են վերջին տարիներին մեր բուհում իրականացված կրթական բարեփոխումները, գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ բարեկարգված շենքային պայմաններն ու տեխնիկապես վերազինված լաբորատորիաներն ու ստուդիաները՚, — նշեց ռեկտորը՝ հիշեցնելով այն կարևորագույն փաստը, որ մեր համալսարանը հանրապետության միակ բուհն է, որ տարիների աշխատանքի շնորհիվ անցել է Եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրումը, և այն բուհն է, որի ճարտարապետի դիպլոմն արդեն երկու տասնամյակ է ընդունվել է Ֆրանսիայի կողմից:
Մեկ առ մեկ հիշելով հայազգի մեծանուն երախտավորներին, ովքեր սովորելով, ավարտելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ապա քարը քարի վրա դնելով կերտել են մեր երկրի ու մայրաքաղաքի անկրկնելի դիմագիծը, չէին կարող անտեսել նաև համալսարանն այսօր էլ ջանասիրաբար շենացնող ու ժամանակի շնչով զարգացնող մարդկանց:
Պարգևներն անսպասելի էին, հպարտությունն՝ անչափելի:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը պարգևատրվեց ՙՀայրենիքին մատուցած ծառայությունների համար՚ 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ Նախագահի հրամանով՝ ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալով պարգևատրվեցին ՃՇՀԱՀ-ի Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդուարդ Խաչիյանը և Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Եղիազար Վարդանյանը:
Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Կարեն Ռաշիդյանցը պարգևատրվեց ՙՄովսես Խորենացի՚ մեդալով, իսկ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Ալբերտ Սոխիկյանը ՝ՙՀՀ վաստակավոր նկարիչ՚ կոչումով:
ՀՀ վարչապետի մեդալներով պարգևատրվեցին ՃՇՀԱՀ-ի Հիդրավլիկայի ամբիոնի պրոֆեսոր, պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը, Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Մխիթարյանը, Շինարարական մեխանիկայի ամբիոնի դոցենտ, ՃՇՀԱՀ-ի գիտական քարտուղար Լևոն Լևոնյանը և Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության մեդալներով պարգևատրվեցին ՃՇՀԱՀ-ի Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Թեմուր Մարգարյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Գիտահետազոտական սեկտորի ծրագրի ղեկավար Նարինե Փիրումյանը և Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության պետ Անգին Մարտիրոսյանը: ԿԳ նախարարության պատվոգրերի արժանացան ՃՇՀԱՀ-ի Ուսումնական մասի վարիչ Սահակ Լևոնյանը և Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Մխիթարյանը:
Նշենք, որ ռեկտոր Գագիկ Գալստյանը պարգևատրվեց նաև Ռուսաստանի Դաշնության Շինարարների միության շքանշանով և Մոսկվայի պետական շինարարական համալսարանի 1-ին կարգի ոսկե մեդալով՝ շինարարական ոլորտում բարձրագույն նվաճումների համար:
Հոբելյանական միջոցառման ներկաները ծանոթացան համալսարանի անցած ուղուն, անվանի շրջանավարտների կյանքին ու գործունեությանը, ունկնդրեցին հայ երաժիշտների և ուսանողների երաժշտական կատարումները:
Շնորհավո՜ր ծնունդդ, մեր սիրելի համալսարան: