ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ՝ ՍՊՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ

ՃՇՀԱՀ ուսանողները հաճախ են տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցում: Ուշագրավ են ՃՇՀԱՀ միջին մասնագիտական քոլեջի ուսանող Պետրոս Ֆարֆարյանի հաղթանակները։ Ապրիլի 2-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կազմակերպած միջազգային «Գրան Պրի 2022» բաց առաջնությանը Պետրոսը, հաղթելով իր մրցակից հայ ու օտարազգի բոլոր մարզիկներին, զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը։
Պետրոսը ջանք ու եռանդ չի խնայել մրցագորգի վրա իրեն լավագույնս դրսևորելու համար, ինչի արդյունքում մենամարտերը մեկը մյուսից թեժ ու դիտարժան էին։
Այժմ մարզիչներ Վիրաբ Մարտիրոսյանը և Լալա Վարդանյանը Պետրոսին պատրաստում են հաջորդ մրցույթին, որը կկայանա Իսպանիայի Վալենսիա քաղաքում հունիսի 4-ին և 5-ին։

Գուրգեն Էդգարի Ղարագյոզյանը և Արարատ Դավթյանը սովորում են Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում։ Շնորհաշատ երիտասարդներն արդեն հասցրել են լուրջ հաջողություններ ունենալ սպորտում, մասնավորապես մենամարտային սպորտաձևում:

 Արարատը Դուքենդո կարատեի ֆեդերացիայում է, վերջերս արժանացել է ոսկե մեդալի։ Իսկ իր ընկերը՝ Գուրգենը, արդեն Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվավոր անդամ է։ Վերջերս, հանձնելով անհրաժեշտ քննությունները և մասնակցելով 10 մենամարտի, ստացել է կիոկուշին կարատեի սև գոտի։  Կարատեի սև գոտին այն նպատակն է, որը փորձում է իրագործել նա՝ իր ժամանակի ու էներգիայի մեծ մասը տրամադրելով այդ մարտարվեստին, ինչպես նաև ձգտելով կատարելության հասնել: Նման հաջողություններ ունենալու համար պետք է ոչ միայն ֆիզիկապես լավ պատրաստված լինել, այլև հոգեպես «աճել» վարպետի՝ ուսուցչի կոչման: Եվ այսօր Գուրգենը ոչ միայն լավ մարզիկ է, այլև հանդես է գալիս ուսուցչի կարգավիճակում՝ դասավանդելով Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում։  

Հիշում է, թե ինչպես շատ վաղ հասակում անընդհատ բակային կռիվների մեջ էր ընկնում, որովհետև շատ չարաճճի էր և չէր կարողանում իր տեղում հանգիստ մնալ։ Մի օր էլ որոշեց հետևել ընկերոջ օրինակին և հաճախեց կիոկուշին կարատեի պարապմունքների։ Այդ ժամանակ նպատակը ուղղակի ֆիզիկապես ուժեղանալն էր։

−Այսօր կարատեն ինձ համար ոչ թե հոբբի է, այլ իմ կյանքն ու տարերքը,− ասում է Գուրգենը և պատմում իր նպատակների ու անելիքների մասին։

Լսելով մեր տղաների հաջողությունների պատմությունները հպարտությամբ ենք համակվում: Մեր երկրի ապագան Գուրգենի, Արարատի և Պետրոսի պես երիտասարդներն են, քանի որ ֆիզիկապես ու հոգեպես ուժեղ, խելացի երիտասարդների շնորհիվ մեր հայրենիքն ավելի ուժեղ ու հզոր է դառնալու։

 363 просмотров всего,  1 просмотров сегодня

20.04.22

 364 просмотров всего,  2 просмотров сегодня