Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, մասնավորապես՝ Քաղաքաշինության ամբիոնը, հյուրընկալեց Գերմանիայի Դաշնության Կասելի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մի խումբ ուսանողների։
Ուսանողները Հայաստան էին ժամանել ճանաչողական այցի շրջանակում, որի հիմնական նպատակն էր ծանոթանալ խորհրդային ժառանգությանը, մասնավորապես՝ մոդեռնիզմի հուշարձաններին և քաղաքաշինական լուծումներին։
Այցը ղեկավարում էր Կասելի համալսարանի դասախոս, ճարտարապետ Ելենա Մարկուսը, ով նաև մասնագիտական հանրության շրջանում մեծ հետաքրքրության արժանացած «Ереван. Архитектура советского модернизма 1955–1991» գրքի հեղինակներից մեկն է։
Հանդիպմանը ՃՇՀԱՀ-ը ներկայացնում էին Քաղաքաշինության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զարուհի Մամյանը, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ելենա Գրիգորյանը, ինչպես նաև համալսարանի ուսանողները։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց համալսարանների գործունեությունը, անդրադարձան միջազգային համագործակցության ուղղություններին և քննարկեցին հետագա փոխգործակցության հնարավորությունները։