(010) 303-300

ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ICOMOS-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՓՈՐՁԱԳԵՏ ԱՆԴԱՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի ղեկավար, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանն ընտրվել է ICOMOS-ի Կրթության և վերապատրաստման միջազգային գիտական կոմիտեի (CIF) փորձագետ անդամ։

ICOMOS-ի CIF-ը միջազգային մասնագիտական հարթակ է, որը միավորում է կրթության, վերապատրաստման, հետազոտության և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում մասնագիտացած փորձագետների։ Կոմիտեի գործունեությունն ուղղված է կառուցված ժառանգության, պատմական վայրերի և մշակութային լանդշաֆտների ուսումնասիրման, պահպանության, կառավարման և վերականգնման ոլորտներում գիտելիքի ու փորձի փոխանակմանը, կրթական ծրագրերի զարգացմանն ու միջազգային գիտական համագործակցության խթանմանը։ 

Էմմա Հարությունյանի՝ որպես CIF-ի փորձագետ անդամի, ընդունումը բարձր գնահատական է նրա մասնագիտական և գիտական գործունեությանը, ինչպես նաև ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման, պահպանության և կրթության ոլորտներում ունեցած փորձին։ ICOMOS-ի CIF-ի փորձագետ անդամներն ընտրվում են՝ հաշվի առնելով իրենց մասնագիտական կարողությունները, գիտելիքն ու փորձը, մասնավորապես՝ մշակութային ժառանգության պահպանությանն ու կառավարմանը վերաբերող կրթության և վերապատրաստման ոլորտներում։ 

Էմմա Հարությունյանը երկար տարիներ իր գիտամանկավարժական գործունեությունը կապում է ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման, պահպանության և վերականգնման հիմնախնդիրների հետ։ Նա 2015 թվականից ղեկավարում է ՃՇՀԱՀ-ի համապատասխան ամբիոնը, որի գիտական հետազոտությունների կարևոր ուղղություններից են հայկական և համաշխարհային ճարտարապետության ուսումնասիրությունը, պատմաճարտարապետական ժառանգության պահպանությունն ու վերականգնումը, ինչպես նաև ճարտարապետների մասնագիտական կրթության և պատրաստման մեթոդաբանական հարցերը։ 

Նոր միջազգային մասնագիտական հարթակում ընդգրկվելը նոր հնարավորություններ է ստեղծում նաև ՃՇՀԱՀ-ի համար՝ նպաստելով համալսարանի միջազգային կապերի ընդլայնմանը, մասնագիտական և գիտական համագործակցության խորացմանը, ինչպես նաև հայկական ճարտարապետական ժառանգության վերաբերյալ գիտելիքի ու փորձի միջազգային տարածմանը։

ՃՇՀԱՀ-ը շնորհավորում է Էմմա Հարությունյանին այս կարևոր մասնագիտական ձեռքբերման կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ գիտական և մասնագիտական գործունեության մեջ։

09.09.26