ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ ՀԱՂԹՈՂ

«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփեց մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները: Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող  ճանաչեց 11 նախագիծ: Հաղթող նախագծերից մեկը ֆիզիկայի անվանակարգում  ճանաչվեց «Ապագայի ճանապարհներ։ Ասֆալտ՝ պլաստիկ տարաներից» խորագրով նախագծային աշխատանքը, որը ներկայացվել էր ՃՇՀԱՀ ավագ դպրոցի ֆիզմաթ դասարանի սաներ Հայկ Մինասյանի ու Թամարա Մինասյանի (ղեկավար՝ Անահիտ Առուստամյան) կողմից: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անձամբ պարգևները հանձնեց «Համադպրոցական գիտության փառատոն 2022» մրցույթի հաղթողներին:

Նախարարը ողջույնի խոսքում ընդգծել է, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու գաղափարն առաջնային նշանակություն ունի:

«Մենք լիահույս ենք, որ Համադպրոցական գիտության փառատոնի հաջորդ տարվա մասնակիցներն ավելի մեծաթիվ կլինեն, կընդլայնվի նաև մասնակից դպրոցների աշխարհագրությունը: Ամենահետաքրքիր մտքերը ծնվում են դպրոցում: Գիտաֆանտաստիկ թվացող մտահղացումները գիտության շնորհիվ երբեմն դառնում են իրականություն: Ուզում եմ հույս հայտնել, որ սաղմերը, որ երևում են փառատոնի մասնակիցների նախագծերում, հետագայում կարող են վերաճել գիտական գործունեության»,- նշել է ԿԳՄՍ նախարարը` շեշտելով, որ պետությունը գիտության դերի բարձրացումը համարում է գերակա խնդիր և դրան միտված ծրագրային քայլեր է իրականացնում:

Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): Հաղթող ճանաչված, սակայն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին չմասնակցող մնացած բոլոր նախագծերն արժանացան դրամական պարգևների:

 429 просмотров всего,  1 просмотров сегодня

05.04.22

 430 просмотров всего,  2 просмотров сегодня