(010) 303-300

ԱՆՆԱ ՔԱՐԱՄՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ISCES-Ի ԱՆԴԱՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՋԳՄՕ ամբիոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Քարամյանի անդամակցության հայտը հաստատվել է ISCES-ի (International Society for Computing in Engineering and Sciences) խորհրդի կողմից։ Կազմակերպությունը ողջունել է Աննա Քարամյանին՝ որպես ISCES-ի նոր անդամի՝ նշելով հետագա համագործակցության ակնկալիքը։

ISCES-ը միջազգային մասնագիտական հարթակ է, որը միավորում է ինժեներական և գիտական ոլորտներում հաշվարկային մեթոդներով, մոդելավորմամբ և թվային տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետների։ Անդամակցությունը հնարավորություն է ընձեռում ներգրավվելու միջազգային մասնագիտական և գիտական համագործակցության շրջանակներում, փոխանակելու փորձ և մասնակցելու ոլորտային նոր նախաձեռնությունների։

Աննա Քարամյանը երկար տարիներ իր մասնագիտական և գիտամանկավարժական գործունեությունը կապել է դասավանդման և ՋԳՄՕ համակարգերի նախագծման ոլորտների հետ։ 2000թ. առ այսօր նա մասնագիտական գործունեություն է ծավալել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։

Նրա գիտական գործունեությունն ընդգրկում է 30 գիտական հոդված, որոնցից 4-ը՝ Scopus վարկանիշով միջազգային պարբերականում, ինչպես նաև 4 մեթոդական ձեռնարկ։ Աննա Քարամյանը մասնակցել է մի շարք հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովների՝ ներկայացնելով իր մասնագիտական և գիտական աշխատանքների արդյունքները։

Մասնագիտական գործունեության և ձեռքբերումների համար Աննա Քարամյանն արժանացել է «Փառք շինարարին» ոսկե մեդալի։

ISCES-ին անդամակցությունը նոր հնարավորություն է ստեղծում միջազգային մասնագիտական և գիտական հարթակներում Աննա Քարամյանի գործունեությունը շարունակելու, ոլորտի մասնագետների հետ համագործակցությունն ընդլայնելու և մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու համար։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շնորհավորում է Աննա Քարամյանին այս կարևոր մասնագիտական ձեռքբերման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն, նոր գիտական ու մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ միջազգային հարթակներում։

28.09.26