Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները՝ թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն և փորձագետ Արմինե Իսրաելյանը այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)՝ Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող HERITAG ծրագրի առանձնահատկություններին ծանոթանալու, ինչպես նաև հետագա համագործակցության եզրերը նախանշելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության տնօրեն՝ տիկին Կարինե Դավոյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի որակի ապահովման բաժնի ղեկավար՝ պարոն Ներսես Գևորգյանը: Հանդիպման ընթացքում ՃՇՀԱՀ-ը ներկայացում էին համալսարանի պրոռեկտոր տիկին Մարինե Ղազարյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար պարոն Վարազդատ. Հովհաննիսյանը, գլխավոր մասնագետ Իրինա. Վանյանը, միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի պետ Լուսինե Հարությունյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ՝ Էմմա Հարությունյանը, Գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը:
Տիկին Մ.Ղազարյանը ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ քննարկումները հնարավորություն կտան գտնելու արդյունավետ համագործակցության եզրերը: Պարոն Վիլհելմ Հյուգոն ներկայացրեց GIZ-ի Հայաստանյան գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հույս հայտնեց ՃՇՀԱՀ-ի հետ հեռանկարային համագործակցության վերաբերյալ:
Պարոն Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց HERITAG Erasmus+ ծրագրի հիմնական նպատակները, իրագործվող խնդիրները, ծրագրում ներգրավված այլ գործընկերների դերակատարությունը, ինչպես նաև ծրագրի նվաճումներըև առկա ձեռքբերումները: Վ.Հովհաննիսյանը առանձնացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են հիմք դառնալ կողմերի հետագա համագործակցության համար: Ծավալված քննարկումների ժամանակ ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները պատասխանեցին հյուրերի բազմաթիվ հարցերին: