ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բացվեց հերոս Ադամի աշխատանքների ցուցահանդեսը

Ադամը դեռ պիտի ստեղծագործեր, պիտի իր մտքի թռիչքով զարմացներ, արարեր ու կանգներ մեր երկրի տաղանդաշատ հայորդիների կողքին: Սակայն, Հայրենիքին տված երդումն ավելի զորեղ էր. հայրենի երկրի սահմանների պաշտպանությունը նաև իր ուսերին էր:

Ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված Ադամ Սահակյանը, սակայն, հասցրել էր թողնել փոքրիկ, բայց այսօր արդեն մեծ արժեք ունեցող գործեր: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետում  մեկ տարի ուսանելու ընթացքում Ադամը հեղինակել էր տասնյակից ավելի գրաֆիկական աշխատանքներ, որոնք, ընտանիքի արխիվից այսօր ներկայացվեցին հանրությանը:

ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում այսօր բացվեց Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:  Անձամբ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված ցուցահանդեսը յուրատեսակ երախտիքի ու ոգեկոչման միջոցառում էր, որը մեկ հարկի տակ էր համախմբել Ադամի հարազատներին, ընկերներին ու, պարզապես, նրանով հպարտացող մարդկանց: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, փոխնախագահը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՙԿենտրոն՚ վարչական շրջանի ղեկավարը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես Ադամի գրաֆիկական աշխատանքները, այնպես էլ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու տրված ՙԱրիության՚ ու ՙՄարտական ծառայություն՚ մեդալները, ծանոթ-անծանոթների՝ Ադամին ուղղված նամակներն ու ցավակցական ուղերձները: Ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ:

Անասելի հպարտության վերածված կորստյան ցավ, սեփական կյանքի գնով փրկված կյանքեր, լուռ աղաղակող կարոտ. սա է այն իրականությունը, որը կա Ադամից հետո, սակայն, ինչպես հնչեց ասմունքող ու երգող երիտասարդների շուրթերից, այս իրականությունը նաև ապրեցնող է, որովհետև ծնունդ է հերոսի արյան:

Հիշենք, որ սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով դիրքի ավագը, գլխավորել է մարտը: Պայքարելով  մինչև արյան վերջին կաթիլը՝ Ադամ Սահակյանն իր զինակիցների հետ հնարավորություն է տվել Ջաբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմնաճակատի 2-րդ գծում՝ կոտրելով  թշնամու ողնաշարը և կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը:

 2,044 просмотров всего,  2 просмотров сегодня

04.11.16

 2,045 просмотров всего,  3 просмотров сегодня