ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԲԱԶԱԼՏԱՅԻՆ ԹԵԼՔԵՐԻ ԵՎ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐՈՎ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿՈՄՊՈԶԻԱՏԱՅԻՆ ԲԵՏՈՆԵ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ

ՃՇՀԱՀ-ի կողմից ներկայացված «Բազալտային թելքերի և ածխածնային նանոկառուցվածքների հավելումներով նոր սերնդի կոմպոզիատային բետոնե պաշտպանական կոնստրուկցիաների նախագծում և պատրաստում» գիտական թեման ֆինանսավորվել է Գիտական կոմիտեի կողմից հայտարարված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթում։

Բազալտային թելքերի և ածխածնային նանոկառուցվածքների հավելումներով նոր սերնդի կոմպոզիատային բետոնե պաշտպանական կոնստրուկցիաների նախագծման և պատրաստման թեման ղեկավարում է ՃՇՀԱՀ գիտաշխատող, Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ավետիք Արզումանյանը։

Խմբում ներգրավված են ՃՇՀԱՀ գիտաշխատող, Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ամալյա Կարապետյանը, Շինարարական նյութերի և պատրաստվածնքերի գիտափորձարարական լաբորատորիայի վարիչ, հայցորդ Նելլի Մուրադյանը, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Վարդանյանը և առկա ուսուցման ասպիրանտուրայի հայցորդ Տիգրան Տեր-Պողոսյանը։

Թեմայի ղեկավար Ա Արզումանյանը նշում է․ «Նախագիծը նվիրված է բազալտային թելքերով և ածխածնային ու մետաղ-ածխածնային նանոկառուցվածքների հավելումներով բարելավված բաղադրակազմերի, բազալտապլաստիկ ամրաններով ու ամրացանցերով ամրանավորված կոմպոզիտային բետոնների, ինչպես նաև բազալտային թելքերի խիտ գործվածքի շերտերով պաշտպանական բնույթի կոնստրուկցիաների նախագմանը և պատրաստմանը։ Կարևոր շեշտադրում է կատարվում Հայաստանի նյութատեխնիկական հնարավորությունների վրա՝ օգտագործելով միայն տեղական հումքանյութեր և արտադրանքները»։

«Մրցույթին հաղթողների ցանկում հայտնվելուց հետո կազմեցինք բետոնախառնուրդների անհրաժեշտ բաղադրակազմեր, մեկ փորձնական քանակ արդեն կատարել ենք, իհարկե շտկումներ և փոփոխություններ ընթացքում առաջանում են։ Դրական արդյունք ստանալուց հետո ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումները, և կկարողանանք իրականացնել փորձարկումները։ Հուսով եմ, որ նախատեսված ժամկետում կիրականացնենք աշխատանքը»-նշում է Ա․ Կարապետյանը։

«Քանի որ թեման պաշտպանական կառույցներին է վերաբերում, գաղտնիության տեսակետից հոդվածների տպագրություն հնարավոր է՝  չլինի, ի սկզբանե մենք պետք է ստանանք բետոն, որը կունենա համապատասխան հատկություններ, դրանից հետո պետք է իրականացնենք դրա ամրանավորումը, հստակ կոնստրուկցիա կստեղծվի մասշտաբային չափերով ավելի փոքր և կփորձարկվի դաշտային պայմաններում։ Կոնստրուկցիան պետք է փորձարկում անցնի դաշտային պայմաններում, արդեն հարվածային ամրությունն ու բնութագրերը պետք է որոշվեն առանց լաբորատոր սարքավորումների»,- մեզ հետ զրույցում ասաց Ա․ Արզումանյանը։

Հայցորդ Տիգրան Տեր-Պողոսյանի համար նախագիծը հնարավորություն է տալիս առաջին փորձերը կատարելու գիտական նյութեր պատրաստելու, հետազոտական աշխատանքներ կատարելու ուղղությամբ: Նրա խոսքով․ «Հաշվարկվելու են և նախագծվելու են կոնստուկցիաներ, որոնք իրականացվելու են համակարգչային ծրագրերի միջոցով՝ հաշվի առնելով նյութի ոչ գծայնությունը։ Ընդհանուր առմամբ հաշվարկերում շենքերը մեծ մասմամբ գտնվում են ստատիկ վիճակում, սակայն, այս դեպքում մենք ունենք հարված, ուստի պետք է այնպիսի ծրագրերով իրականացնել հաշվարկները, որոնք արդյունաբերական կամ քաղաքացիական շենքեր նախագծելիս չեն օգտագործվում։ Ավելի նեղ մասնագիտական ծրագրեր են անհրաժեշտ, որոնք կկիրառվեն այս ծրագրի իրականացման ընթացքում»։

Մեզ հետ զրույցում Ա․ Արզումանյանն ասաց, որ հայտի ընթացքում ձեռք ենք բերելու նոր սերնդի սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել շարժական հարվածի դեպքում առաջացած հատկությունները, ծռման դեպքում՝ դեֆորմացիան և կլանվող էներգիայի քանակը։ Այն պարամետրերը, որոնք հնարավոր չի լինի որոշել այս պայմաններում, մենք հնարավորություն կունենանք Գիտության ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների ծառայություններից օգտվելու։

«Ծրագիրը նախնական երկու տարի ժամկետով է, տարեկան Գիտության կոմիտեին կտրամադրվի հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ»,-տեղեկացրեց Ա․ Արզումանյանը։

 1,695 просмотров всего,  1 просмотров сегодня

06.12.21

 1,696 просмотров всего,  2 просмотров сегодня