Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվել է «Մեր երախտավորները. Արտակ Ղուլյան՝ կառուցող, գիտնական, ուսուցիչ» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Արտակ Ղուլյանի ուսանողների և գործընկեր դասախոսների համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնել և ամփոփել նրա հարուստ ու արժեքավոր ժառանգությունը։ Վերոնշյալ խորագիրը կրող ցուցահանդեսի անդրանիկ ներկայացուցիչը հենց Արտակ Ղուլյանն է, ով իր գործունեությամբ ներկայացրել է կառուցող վարպետի, գիտնականի ու ուսուցչի ներդաշնակ եռամիասնությունը։
Արտակ Ղուլյանի կյանքն ու ստեղծագործական ուղին օրինակ են, թե ինչպես կարելի է ներդաշնակորեն համադրել գիտությունը, արվեստը և հոգևոր արժեքները՝ ստեղծելով մշակութային նշանակություն ունեցող գործեր, որոնք խոսում են սերունդների հետ։
Հայրենի երկրամասի հուշարձաններին նվիրված նրա առաջին հետազոտությունը նվիրված էր Արցախի մելիքական ապարանքներին։ Նա մեծ ներդրում է ունեցել նաև միջնադարյան եկեղեցաշինության ուսումնասիրման և վերարժևորման գործում։ Արտակ Ղուլյանի նախագծերով Հայաստանում և սփյուռքում կառուցվել են շուրջ երկու տասնյակ եկեղեցիներ։
Մեծ է նաև նրա դերը կրթության ոլորտում։ Որպես նվիրյալ դասախոս՝ նա տարիներ շարունակ սիրով և պատասխանատվությամբ փոխանցել է իր գիտելիքներն ու փորձը ուսանողներին՝ ձևավորելով նոր սերնդի մասնագետներ։
Ցուցահանդեսը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ ճարտարապետին, այլև կարևոր նախաձեռնություն՝ արժևորելու այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով ձևավորել են հայկական ճարտարապետության և գիտության դիմագիծը։