1SQ-ն նախաձեռնել էր իր կողմից կառավարվող «Դալան տեխնոպարկ» նախագծի ներկայացում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալասարնի ուսանողների համար: Այս նախագիծը, որը նախագծվել և կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներին համապատասխան, Հայաստանի շինարարության ոլորտում իր տեսակի մեջ առաջինն է:
ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը հանդես եկավ ողջունի խոսքով և նշեց. «ՃՇՀԱՀ-ը որդեգրել է մի քաղաքականություն, որ մշտապես կապի մեջ է գտնվում թե՛ պետական, թե՛մասնավոր կազմակերպությունների հետ: Այստեղից հետևություն, որ մեր կրթությունը ոչ միայն տեսական հիմք ունի, այլև համալսարանը անում է ամեն բան այն դարձնելով նաև կիրառական և գործնական: Քանի որ համալսարանը Հայաստանում միակ բարձրագույն հաստատությունն է ճարտարապետության և շինարարության ոլորտում, վստահ եմ, որ մեր բուհի շրջանավարտները, ծրագրի սկզբնական փուլում ներգրավված են եղել նախագծային աշխատանքներում: Ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ համալսարանը ներգրավված է մեծամասշտաբ և կարևոր նախագծերում, ինչպիսիք են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները, Մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծման աշխատանքները, Ջրաձոր բնակավայրի նախագծման աշխատանքները, շինարարական նորմերի փոփոխությունները և այլն:Ամփոփելով, բոլորիս ցանկանում եմ արդյունավետ քննարկում»:
«Այս հանդիպումը, որը հետաքրքրում է մեծ թվով ուսանողների, միտված է ապագա մասնագետներին գործնական օրինակներով կրթելուն, որի արդյունքում կունենանք ոլորտի ժամանակակից մարտահրավերներին պատրաստ և բանիմաց մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներով ու հմտություններով մրցունակ կլինեն կառուցապատման ոլորտում», — իր խոսքում նշեց Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը։
1SQ-ի տնօրեն Հայկ Բագրատունին իր ելույթում կարևորեց մասնավոր-բուհ համագործակցությունը, որի շրջանակում հնարավորություն է ընձեռվում ավելի առարկայական պատկերացնելու տեսական գիտելիքները. այցելել շինհրապարակներ, նախագծում կամ կառուցապատման կառավարում իրականացնող կազմակերպություններ:
«Ուրախ եմ, որ նորից առիթ ունեցանք հանդիպելու ՃՇՀԱՀ ուսանողների հետ։
ՃՇՀԱՀ-ի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում անցյալ տարի ևս ընկերությունում ընդունել ենք մի խումբ ուսանողների և ներկայացրել ընկերության գործունեությունը, փորձը։ Համոզված եմ, որ կառուցապատման նախագծերի կառավարման ոլորտում ունեցած փորձառությունը և գիտելիքների փոխանցումը օգնել են ավելի առարկայական պատկերացնել տեսական գիտելիքները», — նշեց 1SQ-ի նախագծերի համակարգող Ռոման Մարդոյանը։
«Դալան տեխնոպարկ» նախագծի կորդինատոր Հայկ Տեր-Տաճատյանը խոսեց Դալան տեխնոպարկը ստեղծելու գաղափարի, դերի ու նշանակության մասին Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։
Ծրագրում ներգրավված տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ նույնպես ներկա էին հանդիպմանը, որոնք խոսեցին նախագծի առանձնահատկությունների մասին: 1SQ ընկերության համասեփականատեր, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետյանը, ամփոփելով հանդիպումը, հրավիրեց ուսանողներին Դալան Տեխնոպարկի շինարարական հրապարակ՝ տեղում ծանոթանալու շինարարության ընթացքին։