Օրերս Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» («INALCO») տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված՝ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողով, որով պաշտոնապես մեկնարկվել է «Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագիրը՝ «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ, «INALCO» հիմնադրամի հետ համագործակցությամբ, «Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» (ALIPH) ու «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Համաժողովի ընթացքում ներկայացվեց ծրագրի առաքելությունը, այն է փաստագրել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նպաստելով դրա պահպանմանն ու հանրահռչակմանը: Համաժողովին խոսքով են հանդես եկել Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեր Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «INALCO» ինստիտուտի նախագահ Ժան-Ֆրանսուա Հյուշեն և «INALCO» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, ինչպես նաև «ALIPH»-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները։
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող, «Հիշատակարան» նախագծի հիմնադիր Աննա Լեյլոյան-Եկմալյանը, պատմամշակութային ժառանգության ոլորտի՝ Հայաստանից հրավիրված և ֆրանսիացի մասնագետներ։ ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը հանդես եկավ «Շուշիի քաղաքաշինական մշակույթը 18-19-րդ դարերում» թեմայով գիտական զեկույցով՝ ներկայացնելով Շուշիի հիմնադրման կառուցապատման և ճարտարապետական ժառանգության ընդհանրական պատկերը և այն քաղաքականությունը, որ պետական բարձր հովանու ներքո իրականացնում է Ադրբեջանը:
Տիկին Կիրակոսյանն իր խոսքում նշեց. «Ստեղծված իրավիճակով պայմանավորված Արցախի ամբողջ տարածքի մշակութային ժառանգությունը, մասնավորապես Շուշին և նրա մշակութային ժառանգությունը նույնպես վտանգված են, քանի որ Ադրբեջանը նոր մարտավարություն է մշակել, և եթե նախկինում հուշարձանները ֆիզիկական ոչնչացվում էին, ապա այսօր սեփականաշնորհման քաղաքականություն է վարում: Այսպիսով նմանատիպ հուշարձանները պաշտպանության տակ պետք է վերցնել։»:
«Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագրով նախատեսվում է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որը հնագետների, ճարտարապետների, մշակութային մարդաբանության ու հայագիտության մասնագետների և թարգմանիչների աջակցությամբ կապահովի գիտականորեն ուսումնասիրված փաստագրական տվյալների հավաքագրում: Ծրագրի հիմնական նպատակն է հայկական հուշարձանների ժառանգության պահպանման նպատակով բացահայտել, քարտեզագրել և գույքագրել հուշարձանները՝ հինգ տարվա ընթացքում պատրաստելով վտանգի տակ գտնվող
հայկական մշակութային ժառանգության վայրերի ու հուշարձանների վերաբերյալ շուրջ երկու հազար թվային «անձնագրեր»: