Հայկական ճարտարապետական ժառանգությունը դարձնել հասանելի, մատչելի և այն ուսումնասիրելու համար հետաքրքրություն առաջացնել երիտասարդ սերնդի ու զբոսաշրջիկների շրջանում: Այս նպատակը հիմք ընդունելով՝ ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնը մտահղացավ ստեղծել մի հարթակ, որտեղ կներկայացվի Հայաստանի ճարտարապետական կոթողների գիտական ու պատմական, եռաչափ մոդելավորման պատկերները:
Մեզ հետ զրույցում ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը, մանրամասնելով եռաչափ քարտեզի ստեղծման նպատակն ու մշակման առարկան, նշեց, որ ի տարբերություն հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնող մի շարք համակարգչային ծրագրերի, այս պիլոտային ծրագրի առավելություններն ակնհայտ ու բացառիկ են: Նրա խոսքերով՝ այս քարտեզում եռափաչ մոդելները լինելու են առավելագույն ճշգրտության, գիտական բաժնի տեղեկատվությունը բեռնված է լինելու զուտ գիտական պարբերականներից, մենագրություներից և գիտական հավաստի աղբյուրներից, ինչպես նաև ներկայացվելու է տեսական վերակազմության եռաչափ մոդելները:
Ապագայի քարտեզն իրենից ներկայացնելու է համակարգչային տեղեկատվական ծրագիր, որում կայքի այցելուն ունենալու է ընտրության չորս հնարավորություն՝ հանրամատչելի տեղեկատվություն և մոդելներ, գիտական տեղեկատվություն և մոդելներ, ուսանողական աշխատանքների արխիվ, ուսուցողական խաղեր և ֆիլմեր:
Էմմա Հարությունյանը նկատեց, որ իր բնույթով ուշագրավ են հատկապես վերջին կետերը: Ուսանողական աշխատանքների արխիվում հավաքագրվելու են բոլոր տարիների ընթացքում ճարտարապետական հուշարձանների վերակազմությունները, ելակետային, փաստագրական և լուսանկարչական նյութերը: Նախատեսվում է յուրաքանչյուր տարի էջը համալրել ուսանողների կատարած նոր աշխատանքներով: Վերջին՝ ուսուցողական խաղեր և ֆիլմեր բաժնում ներկայացվելու է ուսուցողական եռաչափ խաղեր, զբաղմունք և մտքի վարժանք: Հիմնվելով արդեն մշակված եռաչափ մոդելների վրա՝ օգտվողները կարողանալու են ոչ միայն առանձին ճարտարապետական և շինարարական տարրերից հավաքել առաջադրված հուշարձանը, այլև կառույցի որևէ հիմնական հատվածի ամբողջացումից հետո ստանալ ստուգաբանական, բացատրական տեղեկույթ: Օրինակ՝ ի՞նչ է եկեղեցու գմբեթը, թմբուկը կամ վեղարը:
Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի տեխնիկական աջակցությամբ և ՃՇՀԱՀ-ի եզակի 3D լազերային սկաների միջոցով՝ որպես եռաչափ քարտեզի օրինակ, արդեն ներկայացվել է Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և Երերույքի կիսավեր բազլիկը: Պիլոտային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ուսումնասիրել 11 հուշարձան՝ 10-ը՝ մարզերից, 1-ը՝ Երևանից, որից հետո աշխատանքներում կընդգրկվեն նաև Արցախի ու Սփյուռքի հայկական ճարտարապետական հուշարձանները:
Ծրագիրը կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ է նաև ֆինանսական աջակցություն: Է. Հարությունյանը նշեց, որ այդ հարցով ակնկալվում է մեր համալսարանի գործընկեր Եվրոպական համալսարանների հետ համատեղ դիմել մշակութային ժառանգության պահպանությանը հետամուտ հեղինակավոր կառույցներին, Սփյուռքի, հայաստանյան պետական և ոչ պետական մարմիններին: