(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՄԲ

Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել մասնագիտական միջոցառում, որի շրջանակում պարգևատրվել են ոլորտում նշանակալի ավանդ ունեցող ճարտարապետներ և բացվել է գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես։

Միջոցառմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչներ, ճարտարապետներ, ոլորտի մասնագետներ և ուսանողներ։

Մասնագիտական տոնի կապակցությամբ , ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության բնագավառում ներդրած ավանդի համար, Քաղաքաշինության կոմիտեի կողմից մի շարք ճարտարապետներ արժանացել են ոլորտային պարգևների։

«Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի ղեկավար, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը։

«Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ղեկավար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ազատյանը։

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրի է արժանացել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Արթուր Մանուկյանը։

Միջոցառման ընթացքում պարգևներ են հանձնվել նաև այլ ճարտարապետների։

Ճարտարապետների մասնագիտական գործունեությունն ու ներդրումը գնահատվել են նաև ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։ ԿԳՄՍՆ մեդալով և Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են ոլորտի ներկայացուցիչներ։ Երևանի քաղաքապետի պատվոգրի է արժանացել ՃՇՀԱՀ-ի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի ամբիոնի պրոֆեսոր Գառնիկ Ստեփանյանը։

Միջոցառման ընթացքում Հայաստանի ճարտարապետների պալատի կողմից առաջին անգամ հանձնվել են պալատի մեդալները։ Դրանց արժանացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։ Պարգևները հանձնել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։

Մասնագիտական տոնի առիթով գործընկերներին շնորհավորել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը։

Օրվա միջոցառումների շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում բացվել է «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում է ճարտարապետների ստեղծագործական մոտեցումները՝ միավորելով պատմական ժառանգության, հուշարձանների և քաղաքային միջավայրի թեմաները։

Միջոցառումները միավորել են ճարտարապետական համայնքի տարբեր սերունդների ներկայացուցիչներին՝ կարևորելով մասնագիտական ավանդույթների շարունակականությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները։

 

09.10.26