(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ընդգրկվել է ս.թ. հունիսի 18-ին հայտարարված Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկում՝ 3D բետոնի տպիչ (3D concrete printer) սարք ձեռք բերելու համար։

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ մեծ գումար։ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված 15 կազմակերպություններ, որոնց կտրամադրվի ընդհանուր առմամբ 1 միլիարդ 354 միլիոն ՀՀ դրամի աջակցություն՝ 28 հայտով ներկայացված սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար: Թե՛ տրամադրվող գումարի չափով, թե՛ ձեռքբերվելիք սարքերի թվով այս մրցույթն էականորեն տարբերվում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար նախկինում հայտարարված մրցույթներից:

ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը նշեց․ «Սարքի առկայությունը հնարավորություն կընձեռի ստանալ նոր տեսակի կոմպոզիտային բետոններով պատրաստվող ճարտարապետական և կոնստրուկտիվ բարդ կառուցվածքով կոնստրուկցիաներ ու շինություններ՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական նպատակներով։ Գործնականում բացի գիտահետազոտական աշխատանքների իրականացումից, բետոնի 3D տպիչը կարող է ծառայել նաև արտադրական ոլորտի համար։ Հարկ է նշել, որ ավանդական շինարարությունը գնալով իր տեղը զիջում է այսպես ասած «տպիչային» շինարարության և այս առումով անհրաժեշտ է ՃՇՀԱՀ-ի գիտահետազոտական պոտենցիալը ուղղել ժամանակին համահունչ տեխնոլոգիական մշակումներին։ Մյուս կողմից, նման ժամանակակից հետազոտությունները կադրերի պատրաստման բնագավառում կատարում են բեկումնային դեր և բարձրացնում մեր շրջանավարտների մասնագիտական հմտությունները»։

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար անցկացված մրցույթին հայտեր ներկայացրել են այն կազմակերպությունները, որտեղ տեղակայվելու են տվյալ սարքավորումները: Սակայն դրանցից կարող են օգտվել նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ. սարքերի համատեղ օգտագործման պահանջը մրցույթի հիմնական պայմաններից էր:

Սարքերն ու սարքավորումները ձեռք են բերվելու ոչ միայն Գիտության կոմիտեի տրամադրած միջոցներով, մրցույթի պահանջներով՝ անհրաժեշտ գումարի մի մասը տրամադրվելու է համաֆինանսավորող կազմակերպությունների կողմից՝ ՀՀ արտաբյուջետային միջոցներից:

02.12.21