(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«IACOBUS+ ՄՇԱԿՈՒՅԹ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ» ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մեկնարկեց «IACOBUS+ մշակույթ, ժառանգություն և ներգրավում» ակադեմիական ծրագիրը Լա Կորունյայի UDC համալսարանի, Ռեգենսբուրգի  OTH համալսարանի, Կլերմոն Ֆերանի ENSA բարձրագույն դպրոցի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (NUACA) միջև։ Ակադեմիական այս ծրագրի հիմքում  նախկին՝ IACOBUS ծրագիրն է, որին 1995 թվականից մասնակցել են վերոնշյալ օտարերկրյա բուհերի 1000 ուսանող, դասախոս և փորձագետ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «IACOBUS+ մշակույթ, ժառանգություն և ներգրավում» ակադեմիական ծրագրին մասնակցում է 2018 թվականից։ Ծրագրում ներառված է ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնը:

Ծրագրի նպատակն է վերարժևորել մշակութային ժառանգությունը, վերականգնել ու պահպանել մշակութային այն հուշարձաններն ու դրանց շրջակա վայրերը, որոնք վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին: Քայլերը նպատակաուղղված են մշակութային հուշարձաններին նոր շունչ տալուն,  վերակենդանացնելուն, ինչը մեծ ազդեցություն կունենա նաև այն համայնքների զարգացման վրա, որտեղ դրանք գտնվում են:

Ծրագիրը եռանպատակ է՝

  1. ապահովել ուսանողների համար մասնագիտական ​​վերապատրաստում միասնական միջազգային աշխատանքի համատեքստում, որը նրանց համար նաև աշխատանքի ու ուսուցման ոլորտում գիտելիքների և մեթոդաբանության փոխանակման փորձ է,
  2. քաղաքացիների և իշխանությունների ուշադրությունը բևեռել մշակութային արժեքների վրա՝ բարձրացնելով հասարակության պատասխանատվությունը,
  3. նպաստել եվրոպական քաղաքացիության կառուցմանը մեր ընդհանուր պատմության ու մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկության բարձրացման միջոցով:

Նախագծի աշխատանքային մեթոդաբանությունը շրջանային է, այսինքն՝ ծրագիրը մշակված է այնպես, որ ուսանողները յուրաքանչյուր կիսամյակ հնարավորություն ունենան աշխատելու այլ վայրում, այլ երկրում` շարունակաբար ընդգրկվելով նոր  նախագծերում:

2021 թ. նախագծի ուսումնասիրության թեման է Լա Կորունյայի ռազմական գործարանը։

Նշված նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով նշված հղմամբ:

17.03.21