(010) 303-300

BUONGIORNO ARMENIA. ԻՏԱԼԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Իտալացիների հանդիպումը մեր երկրի հետ նույնքան ջերմ էր, որքան հայաստանյան գարնան արևը: Հենց սահմանից՝ իտալացի ճարտարապետների պատվիրակության անդամները խոստովանեցին, որ հային ու Հայաստանին չսիրահարվելն անհնարին է:

Բայց, սկսենք սկզբից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղը՝ մարտի 22-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կնշվի Իտալիայի դիզայնի օրերը: Հենց այդ միջոցառման շրջանակներում էլ՝ ճարտարապետական և դիզայնի նախագծերի ցուցահանդես բացելու և դասախոսություններ կարդալու նպատակով, այսօր Հայաստան ժամանեցին իտալացի անվանի ճարտարապետներ Լիվիո Սակկին, Ստեֆանո Ռագացցոն, Ֆրանչեսկո Մանյանին, Բարբարա Կամոչինին և ինժեներ-հետազոտող Մաուրո Աննունցիատոն:

Մինչև Երևան հասնելն իտալացի արվեստագետները չէին կարող չայցելել ու չզմայլվել հայկական պատմամշակութային վայրերով:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներում իտալացի հյուրերի ունեցած տպավորություններն աննկարագրելի էին, իսկ երբ նրանց ուղեկցող ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի ասիստենտ Արև Սամուելյանը հնչեցրեց Սայաթ-Նովայի դյութիչ հնչյունները, վերջնականապես համոզվեցին, որ հայկական պատմությունն ու մշակույթն անգերազանցելի են:

Բայց, մեր հյուրերին շատ քիչ ժամանակ էր անհրաժեշտ համոզվելու համար, որ անկրկնելի են նաև հայկական հյուրասիրությունն ու խոհանոցը: Մեղրածոր մուրաբաներից և ավանդական ուտեստներից մինչև իտալական շեշտադրմամբ «կենա՜ցդ» բառով համեմված բուրումնավետ գինի: Հա՜, չմոռանանք Սևանա լիճը: Առաջին անգամ գալ Հայաստան և չտեսնել Սևանը, դա նույնն է, ինչ այդպես էլ չհասկանալ, թե ինչ համ ու հոտ ունեն հայկական ջուրն ու օդը:

Հայաստանյան առաջին գերհագեցած օրը պետք էր ավարտել՝ վաղը ոչ պակաս պատասխանատու և հետաքրքիր օր է լինելու:

21.03.19