(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

4 ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՝ ՄԵԿ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ

Հայաստանի և հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է: Դա է փաստում մեր համալսարան ժամանող պատվիրակությունների հոսքը, համատեղ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:

Այսօր, մեկշաբաթյա ժամկետով, մեր համալսարան են եկել Միացյալ Նահանգների Կորնելիի համալսարանի 12 ուսանող՝ մշակութաբան Լորի Խաչատուրյանի, ճարտարապետ-քաղաքաշինարար Ալեքսանդր Մելդորֆի ղեկավարությամբ և Ռուսաստանի Տյումեն քաղաքի Ինդուստրիալ համալսարանի 4 ուսանող: Նահանգներից ժամանած մասնագետներին մեր երկիր է բերել Հայաստանում հետխորհրդային շրջանի լքված արդյունաբերական տարածքների վերակազմավորման խնդիրները, մասնավորապես, Չարենցավանի հաստոցաշինական գործարանի՝ անգործության մատնված շենքը:

Կորնելիի, Տյումենի, ինչպես նաև ԵՊՀ-ի մշակութաբանության ֆակուլտետի և մեր համալսարանի ուսանողներին ողջունեց ռեկտոր Գագիկ Գալստյանը: Նա ընդգծեց, որ նման ուսուցողական-ճանաչողական նախաձեռնությունները սերտ հարաբերություններ են ստեղծում տարբեր երկրների ուսանողների միջև և մաղթեց հաճելի ու բեղմնավոր աշխատանքային օրեր:

Իսկ աշխատանքային օրերը Կորնելիի և Տյումենի համալսարանի ուսանողների մոտ սկսվել էին դեռ վաղուց: Այսօր նրանք ներկայացրեցին իրենց նախնական նախագծերը: Չարենցավանի վերակազմավորված հաստոցաշինական գործարանն ուսանողներից ոմանք պատկերացրել էին՝ որպես գրադարան, հյուրանոց, ոմանք՝ սրճարան, փակ կամ տուրիստական քաղաք, բնամթերքի արտադրության տարածք, ոմանք էլ՝ էքստրիմ սպրոտաձևերի մարզասրահ: Հատկանշական էր նաև Ալեքսանդր Մելդորֆի պատրաստած՝ Հայաստանի ու հայկական մշակույթի մասին ֆոտոպատումը, որը ներկայացնում էր մեր երկիրը՝ սկսած Ուրարտական ժամանակաշրջանից մինչև մեր օրեր:

Վաղն արդեն Կորնելիի, Տյումենի, ԵՊՀ-ի և մեր համալսարանի ուսանողները՝ Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանի ղեկավարությամբ, կլինեն Չարենցավանում, տեղում կծանոթանան տարածքին, խմբերի բաժանված կաշխատեն, իսկ հինգշաբթի կներկայացնեն վերջնական նախագծերը:

18.02.19