(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման դասընթացները, որոնք անցկացվում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ են իրականացնում երկու կազմակերպություն:

Դասընթացի մեկնարկի կապակցությամբ մասնակիցներին ողջունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Նաիրի Հարությունյանը՝ ընդգծելով ոլորտում մասնագիտական պատրաստվածության բարձրացման կարևորությունը։ Նա կարևորել է բազմաբնակարան շենքերի կառավարմամբ զբաղվող անձանց մասնագիտական պատրաստվածությունը՝ հաշվի առնելով քաղաքաշինական բարդ օբյեկտի պատշաճ պահպանման, շահագործման և կառավարման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ կառավարիչների նկատմամբ նոր մոտեցումը կնպաստի կառավարման մարմնի ընտրությունների իրական ինստիտուտի զարգացմանը և շենքերի արդյունավետ կառավարման գրագետ հիմքերի ստեղծմանը։

Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են ինչպես գործող կառավարիչներ, այնպես էլ ոլորտ մուտք գործել ցանկացող անձինք։ Մասնակիցները ձեռք կբերեն իրավական, վարչարարական և ֆինանսական գիտելիքներ, շենքերի վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ, կզարգացնեն բանակցային հմտություններն ու կսովորեն կազմել դրամաշնորհային հայտեր։ Դասընթացի ավարտին նրանց գիտելիքները կստուգվեն թեստավորման եղանակով։

Քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում կհայտարարի ծրագրի հաջորդ փուլի հայտերի ընդունման մասին։

Հիշեցնենք, որ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը շենքերի կառավարիչները կամ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացողները պետք է վերապատրաստվեն կամ պատրաստվեն ինքնուրույն՝ օգտվելով կոմիտեի կայքի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում բաժնում» տեղադրված հարցաշարերից, այնուհետև թեստավորման արդյունքում բավարար միավորներ հավաքեն, որպեսզի սահմանված ժամկետից հետո հնարավորություն ունենան զբաղվելու շենքերի կառավարմամբ։ Նոր կարգավորումները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի հիման վրա, սահմանված են Կառավարության որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/183960

15.04.26