ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Քառօրյա պատերազմի անմահները ապրում են և ապրեցնում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված անմահ հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ անհատական ստեղծագործական աշխատանքներին (գծանկարներ և կոմպոզիզիաներ)։
Սերժանտ Ադամ Սահակյանը մեր ժամանակի հերոսներից է, խելացի ու բազմատաղանդ երիտասարդ: 2016 թ. ապրիլի 2-ին՝ մարտական դիրքի վրա թշնամու հարձակման ժամանակ ծավալված թեժ մարտերում ծառայակիցների հետ պաշտպանել է Արցախի մարտական դիրքերը: 5 ժամ մարտնչելով թշնամու դեմ և նրան զգալի կորուստներ հասցնելով՝ Ադամը անմահացել է: Նրա հերոսական պայքարը հնարավորություն է տվել հայկական գնդին տեղակայվելու ռազմաճակատի 2-րդ գծում՝ կանգնեցնելով հակառակորդին:
Ադամ Սահակյանը եղել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող: Բարձր միավորներով ընդունվելով համալսարան՝ որոշել էր դառնալ ճարտարապետ-դիզայներ: Երկրորդ կուրսից զորակոչվել է հայոց բանակ։ ՃՇՀԱՀ ռեկտոր Ե․ Վարդանյանի խոսքով «Այս բոլոր կոմպոզիցիոն աշխատանքները, գծանկարները խոսում են ստեղծագործ, բազմաշնորհ ու մասնագիտական բացառիկ հմտություններ ունեցող երիտասարդի մասին: Հերոսների դիմաքանդակը կերտում է ժամանակը, հերոսներին անմահացնում ու պատմության էջերում հավերժացնում են իրենց սխրանքները, իսկ մենք կյանքի ու գործունեության ամեն պահի նրանց սխրանքները ու քաջագործությունները պիտի ընկալենք որպես հայրենասիրության բացառիկ դասեր և նրանց հերոսականությամբ կրթենք ու դաստիարակենք գալիք սերունդներին»:
Հերոսի մայրը՝ Գայանե Անտոնյանը, խոսելով իր որդու մասնագիտական հմտությունների մասին, ասաց․ «Այս աշխատանքները, լիարժեք ավարտուն չեն: Ադամի ստեղծագործական աշխատանքներն առաջին անգամ ներկայացվել են 2016 թ․ Թամանյանի թանգարանում: Անմահներն ապրեցնում են, բայց նաև ապրողներն են պարտադրում: Ապրողներից շատ-շատերը, որոնք սիրում և գնահատում են Ադամին, առաջին իսկ օրերին գալիս էին մեզ հյուր, տեսնելու, թե որտեղ է ապրում Ադամը»։ Նա պատմեց, որ նույնիսկ մի գերմանաբնակ ցանկություն էր հայտնել Ադամի աշխատանքները ցուցադրելու Գերմանիայում: «Սրանք իր առաջին աշխատանքներն են, գուցե գծերը հաստատուն չեն: Մենք ուրախություն ապրեցինք, որ այս աշխատանքներն ուղղակի դեն չենք նետել որպես սևագրություն: Մենք չէինք պատկերացնի, որ դրանք այդքան հետաքրքրություն են ներկայացնում»,− հավելեց տիկին Գայանեն:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 8֊ը։