(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԱՐԻՆԹԻԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

«Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Ավստրիայի Կարինթիայի երկրամասի կիրառական գիտությունների համալսարաների միջև համագործակցության շրջանակում իրականացվեցին հնգօրյա դասախոսություններ:

Դասընթացները իրականացրին Ավստրիայի Կարինթիայի երկրամասի կիրառական գիտությունների համալսարանի դասախոսներ Էլիզաբեթ Վեգելը և Դանիել Վեհբեն: Մասնակցեցին ՃՇՀԱՀ ճարտարապետության, դիզայնի, կառավարման և տեխնոլոգիայի ու քաղաքային տնտեսության և էոլոգիայի ֆակուլտետների բակալավրիատի բարձր կուրսերի ու մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Դասախոսությունները ներկայացվեցին անգլերեն, և մեր ուսանողները բարձր ակտիվություն ցուցաբերեցին:

Դասախոսությունների թեմաներն էին շինարարական հրապարակներում բնապահպանական նորմերի ապահովումը, էկոհամակարգերի պահպանությունը, շինարարական էկոլոգիապես մաքուր նոր նյութերի կիրառումը: Դասախոսություններից հետո տեղի ունեցան հարց-պատասխան ձևաչափով քննարկումներ:

Կայացան նաև աշխատանքային հանդիպումներ համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանի, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանի, Շինարարության ֆակուլտետի դեկան Ա. Սահակյանի և ամբիոնների ու լաբորատորիաների վարիչների հետ:

Համագործակցության շրջանակում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում՝ հաջորդ ուստարում Շինարարության ֆակուլտետի 4 ուսանողի մեկ կիսամյակ ուսումնառության այցը Ավստրիայի Կարինթիայի երկրամասի կիրառական գիտությունների համալսարանում, ինչպես նաև համատեղ գիտաժողովների ու սեմինարների կազմակերպման, գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման ուղիները:

Ավստրիայի Կարինթիայի երկրամասի կիրառական գիտությունների համալսարանի դասախոսները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին համալսարանի ղեկավար կազմին և ուսանողությանը մեծ հետաքրքրությամբ դասընթացներին մասնակցելու համար:

Երկու կողմերն էլ հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ ընդգրկելով երկկողմանի հետաքրքրություն ունեցող ուղղություններ:

06.05.22