(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ TACEESM ERASMUS+ ՆԱԽԱԳԾԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Օրերս կայացավ «Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM Erasmus+) նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցում էին Իտալիայի Գ․Դ․ Անուզիոյի համալսարանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները։

Համաժողովի մասնակիցները հյուրընկելվեցին ՃՇՀԱՀ-ում, որտեղ նիստը բացվեց Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի և նախագծի համակարգող Լորենզո Պիգնատիի (Գ․Դ․ Անուզիոյի համալսարանի, Իտալիա) ողջույնի խոսքերով։

Պարոն Եդոյանը ՃՇՀԱՀ ռեկտորի անունից ողջունեց Erasmus+ TACEESM նախագծի եզրափակիչ համաժողովի մասնակիցներին, նշելով, որ  TACEESM նախագծի շնորհիվ համալսարանում հիմք է դրվել BIM տեխնոլոգիաների զարգացումը։ Մասնավորապես՝ դասախոսները ձեռք են բերել գիտելիքներ BIM տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ համալսարանը՝ BIM տեխնոլոգիաների վերաբերյալ լրացուցիչ փորձառություն և սարքավորումներ, BIM լաբորատորիա հիմնելու համար: Ամփոփելով խոսքը, պարոն Եդոյանը բոլոր մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք համաժողովի օրերին՝ հետագա արդյունավետ համագործակցության ակնկալիքով։

Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր պարոն Ասատրյանցը համալսարանի անունից ջերմ ողջունեց Էրազմուս+ TACEESM նախագծի եզրափակիչ համաժողովի բոլոր մասնակիցներին: Նրա խոսքով TACEESM նախագիծը ստեղծվել է գործընկեր երկրներում բարձրագույն կրթության որակի բարձրացման համար, մասնավորապես ճարտարապետության և ինժեներության ոլորտներում։ Նախագծի նպատակն էր կրթությունը համապատասխանեցնել աշխատաշուկայի զարգացող կարիքներին և ներդաշնակեցնել այն եվրոպական զարգացման ռազմավարություններին: Նախագիծը նպաստեց պրոֆեսիոնալ ճարտարապետների և ինժեներների պատրաստման գործին։

Նախագծի համակարգող պարոն Լորենզո Պիգնատիին նույնպես ողջունելով եզրափակիչ համաժողովի մասնակիցներին, նշեց նախագծի իրականացման ընթացքում առաջացած բազմաթիվ դժվարությունները, ընդգծելով Բոսնիա և Հերցեգովինայի համալսարանների անգնահատելի դերը նախագծի բարեհաջող եզրափակման գործում։ Նա հույս հայտնեց, որ նախագծի շնորհիվ ձեռք բերված նվաճումները հիմք կծառայեն գործընկեր համալսարանների միջև հետագա արդյունավետ համագործակցության զարգացման համար։

Համաժողովում ներկայացվել էին TACEESM նախագծի արդյունքները, ըստ առանձին աշխատանքային փաթեթների, ինչպես նաև եզրափակիչ հաշվետվության մշակման գործընթացը և դրա հետ կապված գործընկեր համալսարանների իրականացվելիք աշխատանքները։

Եռօրյա այցի ընթացքում TACEESM աշխատանքային խումբը այցելեց նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ հայ և արտասահմանցի հյուրերը՝ հանդիպեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի տարբեր ընկերությունների աշխատակիցներին, ծանոթացան առկա լաբորատոր հնարավորություններին՝ նախանշելով հնարավոր հետագա համագործակցության ուղղությունները։ Իսկ ամփոփիչ հանդիպումը կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

06.10.23