(010) 303-300

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

 Հեռավար եղանակով կայացավ 2020 թվականի «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովը, դրա շրջանակում կայացած ճարտարապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփումը:

 ՃՇՀԱՀ և Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի միջև ձևավորված սերտ համագործակցության շնորհիվ՝ մեր համալսարանը 2017 թ. սկսած ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» նախաձեռնությանը, որի կազմակերպումն ու ֆինանսավորումը իրականացվում է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից:

«ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովը ղեկավարում էր Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի նախագահ՝ պրոֆեսոր Ժանգ Այլինը: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու Պեկինի քաղաքային իշխանությունների անդամներ, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի առաջատար բուհերի ղեկավարներ, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին մասնակցեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժ/պ, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը, համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ Մանուկ Բարսեղյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան՝ Գառնիկ Ստեփանյանը և Լեզուների կենտրոնի ղեկավար՝ Սիրանուշ Հովհաննիսյանը:

Իր ելույթի խոսքում պարոն Վարդանյանը ողջունեց բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին հրավերի համար՝ ՃՇՀԱՀ ողջ անձնակազմի և ուսանողության անունից երախտագիտության խոսքեր փոխանցեց Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի ողջ անձնակազմին և նախագահ, պրոֆեսոր Ժանգ Այլինին՝ մեր համալսարանին և ողջ հայ ժողովրդին հայ-ադրբեջանական հակամարտության կապակցությամբ զորակցություն հայտնելու համար:

 Պարոն Վարդանյանը մեծապես կարևորեց շարունակական և փոխշահավետ համագործակցությունը «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի միջև՝ առանձնակի ուշադրություն դարձնելով «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» նախաձեռնության շրջանակում ճարտարապետական համայնքի ձևավորմանը:         

Համագործակցությունն առավել առարկայական և արդյունավետ դարձնելու նպատակով՝ ռեկտորի ժ/պ Վարդանյանի կողմից առաջարկվեց խրախուսել միջազգային մրցույթ-ստուգատեսների համատեղ կազմակերպումն ու անցկացումը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների միջազգային գիտակրթական ծրագրերի շրջանակում փոխանակումները: Հաշվի առնելով սեյսմակայուն շինարարության ոլորտում Չինաստանի հարուստ փորձը՝ առաջարկվեց կազմակերպել հայ մասնագետների մասնակցությամբ համատեղ գիտափորձարարական հետազոտություններ: Կարևորվեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար գործընկեր բուհերում առկա էլեկտրոնային գրադարաններին հասանելիություն ապահովող մեխանիզմների ներդրումը: Անդրադարձ կատարվեց ժամանակակից շինարարական նյութերի ստացման, հետազոտման և կիրառման ոլորտում համագործակցության հաստատմանն ու «կանաչ քաղաքների» նախագծմանը:

 Այնունհետև կայացավ «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովի շրջանակում անցկացված ճարտարապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփումը: «Ճարտարապետական նախագծում» անվանակարգում ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի ունանողներ Վահրամ Աղաջանյանի և Լեռնիկ Գալստյանի՝ «Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքի գրադարանի ռեվալորիզացիայի հայեցակարգ» նախագիծն արժանացավ պատվոգրի (ղեկավարներ` պրոֆեսոր Արտյոմ Ալոյան, դոցենտ Հովհաննես Սանամյան): Նույն մրցույթի «Կոնստրուկտիվ նախագծում» անվանակարգում ՃՇՀԱՀ նույն ֆակուլտետի ուսանող Մարիետտա Գևորգյանի՝ «Ջերմուկ քաղաքի հյուրանոցի, կամուրջի և բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում» նախագիծը արժանացավ մրցանակային երրորդ տեղի և դրամական պարգևի (ղեկավար` պրոֆեսոր Հայկ Ասատրյան):    

 

 

 

 

05.11.20