Հայաստան, Իսրայել, Հոլանդիա, հետո՝ նորից Հայաստան: Նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանի փնտրտուքներն անվերջանալի էին՝ գեղագրության նյութեր որոնելիս:
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպված սեմինարը նվիրված էր տառարվեստին:
«The magic of letter art» խորագրով սեմինարը վարելու նպատակով հրավիրված էին Հայաստանից՝ նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը, Լեհաստանից և Գերմանիայից՝ Էրազմուս + ծրագրի շրջանակներում՝ գրաֆիկ դիզայներներ Յան Միխալովկսին ու Թոմաս Յունկերը:
Մասնագետներին և դասընթացին մասնակից ուսանողներին իր ողջույնի խոսքը հղեց ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ վերջինների համար պատիվ համարելով ներկա գտնվել նման միջոցառմանը: Սեմինարի կազմակերպման մասին փոքրիկ նախաբանից հետո՝ Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը հանդիպումը եթե ոչ աննախադեպ, ապա՝ անչափ հետաքրքիր անվանեց՝ այն տեսանկյունից, որ գեղագրության մասին ծանոթագրությունները, գրեթե, բացակայում են:
«Գեղագրությունն ուղեղին ստիպում է մտածել եռաչափ, շարունակական»՝ սկսելով իր դասախոսությունը նշեց Ռ. Մալայանը և ընդգծեց, որ տառարվեստն ուսումնասիրելիս պետք է հստակ տարանջատել մանրանկարչությունը՝ գեղագրությունից: Նրա խոսքերով, եթե մանրանկարչության ֆունկցիան տառերը զարդարելն է, ապա գեղագրությանը՝ տառերի կառուցվածքն ու պլաստիկան:
Մալայանի համոզմամբ՝ ձեռագրի գրությունն ունի անհատականություն և շատ ավելի մեծ էներգետիկա, քան տպագիրը. «Գեղեցիկ գիրը միշտ էլ խորհրդանշում է մտքերի, էմոցիաների, զգացմունքների, գեղագիտական հայացքների իլյուստրատիվ և անհատական դրսևորումը»:
Ուսանողների հայացքներից ակնհայտ էր, որ տառարվեստի նկատմամբ հետաքրքրությունը թեև նոր, բայց արդեն մեծ է: Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր: