ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մայիսի 19-ին ՃՇՀԱՀ-ի ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կառավարման համակարգերի ամբիոնի ասիստենտ Գոհար Ավետիսյանը համալսարանի աշխատակիցներին ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարման կարևորությունը ԲՈՒՀ-ում՝ պրոֆեսորադասախոսական և տեխնիկական անձնակազմի կառավարման, գնահատման և վերապատրաստման գործընթացներում: Նա համալսարանի օրինակով մանրամասն ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները, որոնք են աշխատանքի նախագծումը, անձնակազմի հավաքագրումը, ադապտացումը, անձնակազմի վերապատրաստումը, կարիերայի պլանավորումը, փոխհատուցվող համակարգի կազմակերպումը, անվտանգության, առողջության ապահովումը, ներինստիտուցիոնալ հարաբերությունների կարգավորումը և ռազմավարական պլանավորումը:
Մայիսի 20-ին արդյունքահեն բյուջետավորման (Result Based Budgeting) վերաբերյալ դասընթացն իրականացրեց ՃՇՀԱՀ պրոռեկտոր Մարինե Ղազարյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ հանրային կառավարման շատ կազմակերպություններ, օր.՝ համայնքային իշխանությունները, արդեն որդեգրել են արդյունքահեն բյուջետավորման սկզբունքները: Ներկայացվեց բյուջետավորման ներկայումս աշխարհում ընդունված 6-7 տեսակները և, հատկապես ԲՈՒՀ-երի համար, կարևորվեց արդյունքահեն բյուջետավորման մոտեցումը, որն ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործում, ռիսկերի ճիշտ գնահատում արդյունքների չափելիություն: Մ.Ղազարյանի կողմից ներկայացվեցին արդյունքահեն բյուջետավորման աշխատանքային թերթիկները և իրավիճակային խնդիրների դիտարկման միջոցով ամփոփվեց դասընթացը:
Մայիսի 21-ին ՃՇՀԱՀ միջազգային կապերի վարչության աշխատակից Մխիթար Բալայանը մասնակիցներին ներկայացրեց Ֆինանսական կառավարման հիմնախնդիրները՝ Եվրոպայի բարձրագույն կրթության հաստատությունների փորձի հիման վրա: Զեկույցը հիմնված էր ծրագրի շրջանակում Contrast Management Consulting, WUS (World University Service) Austria-ի ներկայացրած տեղեկատվության և վերլուծությունների վրա: Առանձնակի շեշտվեցին ԲՈՒՀ-երի ֆինանսավորման, գործողությունների և արդյունքների կառավարման հիմնախնդիրները: Այս առումով հիմնական ռիսկային գործոն է համարվում կրթական ծառայությունների ծախսերի աճը՝ պայմանավորված ընդհանուր և տեխնոլոգիական պահանջներով, կրթական ծրագրերն արդիականացնելու և դրանց որակը բարելավելու կարիքով, աշխատակիցների աշխատավարձերի և մեկ ուսանողի համար կատարվող ծախսերի աճով: Նշված ռիսկը հաղթահարելու հիմնական գործոններ են հանդիսանում ուսման վճարների ավելացումը, տարբերակումը կրթական և գիտահետազոտական ծառայությունների միջև, մասնավոր ֆինանսավորման չափի ավելացումը, շուկայական ուղղվածության (հետազոտություններ, ծառայություններ, նոր մասնագիտություններ) միջոցառումների ավելացումը, ֆինանսավորումը ըստ գործողությունների արդյունքների (performance based funding): Մասնակիցների հետ հիմնական քննարկումը ծավալվեց հետևյալ հարցերի շուրջ.
Դասընթացների մասնակիցները ակտիվ հարց ու պատասխանի միջոցով պարզաբանեցին ներկայացված գործընթացների բուն էությունները և դրանց կիրառելիության գործիքներն ու հավանականությունը՝ հույս ունենալով, որ մեր համալսարանում նույնպես այդ նորովի մոտեցումները շուտով իրենց գործածությունը կունենան: