ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Եղանակային վատ պայմանները, աշխատանքին անդադար խոչընդոտող քամին, այնուամենայնիվ, չդարձան խանգարող հանգամանք, որպեսզի երկրի համար կարևոր տնտեսական նշանակություն ունեցող գոտու շինարարությունը հաջողությամբ պսակվի:
Շուրջ 2 ամիս շարունակ՝ ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպությունը՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ և ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպության գլխավոր տնօրեն Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ, տքնաջան ու նվիրումով աշխատում էր՝ դեկտեմբերի 15-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացմանը հասցնելու համար:
Գագիկ Գալստյանին քաջածանոթները գիտեն՝ երբ խոսքը վերաբերում է երկրի շենացմանը, վաստակավոր շինարարի ու, պարզապես, հայրենասերի առջև որևէ դժվարություն չի ծառանում:
Այսպես, դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկա գտնվեցին «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց կատարեց գոտու տարածքով, ծանոթացավ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշեց, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են, որովհետև այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը՝ տնտեսական ռեժիմները ԵԱՏՄ-ի, Եվրամիության, Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա: Անդրադառնալով բարդ պայմաններում և սեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացված շինարարական աշխատանքներին՝ վարչապետը նշեց, որ շինհրապարակում ամենակարևոր գործող անձը շինարարն է:
Նույն հարցադրմանը Գագիկ Գալստյանը, սակայն, իրեն հատուկ համեստությամբ պատասխանեց՝ նկատելով, որ երկրի համար կարևոր նշանակության գործը տքնաջան մոտեցում է պահանջում և մեծ պատասխանատվություն:
Նշենք, որ Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։
Բացման արարողության ժամանակ՝ վարչապետ Կարապետյանի ներկայությամբ, ստորագրվեցին Ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը: