(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌՈՍՏԵԼԵԿՈՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՃՇՀԱՀ-Ը ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ»՝ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ «ԱՄՊԱՅԻՆ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ստորագրեցին «Համագործակցության հուշագիր»։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվեցին ապահովել մասնագետների ներգրավում կրթական և աշխատանքային գործընթացներում, սեմինարների և այլ միջոցառումների համատեղ կազմակերպում, ուսումնամեթոդական նյութերի համատեղ մշակում, համալսարանի ուսանողների համար պրակտիկաների և բիզնես հանդիպումների կազմակերպում, կրթաթոշակների ֆինանսավորում, լավագույն ուսանողներին կազմակերպություն՝ որպես աշխատակիցներ ներգրավում և համատեղ համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի մշակում։ Հուշագիրը ստորագրվեց վստահության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի կարևոր սկզբունքների հիմքով։

Միջոցառման սկզբում ռեկտորի ուղեկցությամբ տեղի ունեցավ շրջայց համալսարանում: Հյուրերը ծանոթացան համալսարանական միջավայրին, շրջեցին Դիզայնի ֆակուլտետի ցուցասրահում, որտեղ ցուցադրված էին ուսանողական լավագույն աշխատանքները: Հաջորդիվ ներկայացվեց մի շարք նոր սերնդի թվային սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշտությամբ իրականացնել գեոդեզիական աշխատանքներ, ինչպես նաև հատուկ VR ակնոցների միջոցով շինարարական նախագծերը պատվիրատուին ցուցադրել վիրտուալ իրականության մեջ և անհրաժեշտության դեպքում տեղում կատարել նախագծային փոփոխություններ:

Հուշագրի ստորագրումն ամրապնդվեց hամալսարանում Ռոստելեկոմի «Ամպային տեսահսկման ծառայության» գործարկմամբ։ Այն տալիս է լայն ֆունկցիոնալ հնարավորություններ, այդ թվում՝ տեսագրությունների անվտանգ պահպանում ամպային տիրույթում, ինչը բացառում է տեսագրությունների՝ տարբեր արտաքին ազդեցությունների ենթարկվելու հավանականությունը։ Ռոստելեկոմ Հայաստանը ծառայության շրջանակում առաջարկում է նախադեպը չունեցող հնարավորություն՝ հաճախորդի կարիքներից բխող անհատականացված տեսավերլուծություն՝ սեռային, տարիքային, մարմնի ջերմաստիճանի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշների նույնականացման և այլ չափանիշներով, ինչը հնարավորություն է տալիս տեսահսկման տարածքում գործողությունների տվյալներն օգտագործել առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով։
Ընկերության կողմից տեսախցիկների տեղադրումն ու կարգավորումը, 24/7 սպասարկումը, ժամանակակից և հարմար հավելվածի առկայությունը, մինչև 14 օր արխիվի պահպանումը ծառայությունը դարձնում են բացառիկ հայաստանյան շուկայում։

«Ռոստելեկոմ Հայաստանը հանդիսանում է ոլորտի լավագույն օպերատորներից մեկը, և պատահական չէ, որ հենց Ձեզ հետ որոշեցինք իրականացնել մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել դասալսումներ՝ վերհանելու մեր դասախոսների դասավանդման լավագույն փորձը և մեթոդները: Կարևորում եմ նաև այս ծրագրի մյուս բաղադրիչը՝ անվտանգությունը: Մենք  մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր ուսանողների և աշխատակիցների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, և այս համատեքստւմ Ռոստելեկոմ Հայաստանի հետ իրականացված ծրագիրն ունի շատ կարևոր նշանակություն: Մեր համալսարանի առաջնահերթություններից է տեղեկատվական տեխնոլոգիանների կիրառմամբ ուսման որակի բարելավումը, և մենք գնում ենք թվայնացման ճանապարհով: Մենք արդեն թվայնացրել ենք մեր ուսումնական պրոցեսի մի մասը և այժմ անցնում ենք ամբողջական թվայնացման։

Վստահ եմ, որ ապագայում Ռոստելեկոմ Հայաստանի հետ կունենանք նորանոր նախագծեր, որոնք կնպաստեն և՛ մեր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի, և՛ ընկերության զարգացմանը»-նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

«Այսօր սկիզբ դրվեց մի չափազանց կարևոր համագործակցության, որը ոչ միայն գործընկերոջը ծառայություն մատուցելու ձևաչափ ունի, այլև տևական և բազմակողմանի գործընկերական հարաբերությունների մեկնարկ է։ Ստորագրված հուշագիրը չափազանց կարևոր ռազմավարական քայլ է ինչպես Ռոստելեկոմ Հայաստանի, այնպես էլ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի համար։ Համագործակցության այս ձևաչափը վստահաբար դրական ազդեցություն է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա՝ հիմնված լինելով երկուստեք լավագույն փորձի փոխանակման վրա։

Մենք համալսարանում ներդնում ենք շուկայում եզակի «Ամպային տեսահսկման ծառայություն»-ը, որը ևս մեկ հեղափոխական քայլ է Ռոստելեկոմի կողմից՝ Հայաստանում ամպային տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ։ Ցանկանում եմ նշել  նաև, որ Ռոստելեկոմը կառուցում է ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում, որտեղ առանցքային տեղ կզբաղեցնեն ամպային ծառայությունները․ սա կդառնա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված մեր հաջորդ քայլը։ Վստահ ենք, որ hամալսարանի հետ համագործակցությունը կշարունակվի նաև այդ համատեքստում»-նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Միջոցառման վերջում կողմերը շնորհավորեցին միմյանց նախատեսվող երկարատև ու արդյունավետ համագործակցության կապակցությամբ։

01.02.24