ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Erasmus+ Innocens ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ պատվիրակությունն ուսումնական այցով մասնակցել է Ֆինլանդիայի՝ Տուրկուի Կիրառական գիտությունների համալսարանում նորարական մանկավարժությանը և Մինսկում նորարական մանկավարժության գնահատման համակարգին նվիրված դասընթացներին։ Այնուհետև՝ կարևորելով նորարական մանկավարժության դերը, ՃՇՀԱՀ պատվիրակությունը համալսարանի 5 ֆակուլտետներում՝ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ փորձի փոխանակման նպատակով իրականացրել են սեմինար-քննարկումներ (նկարները կցված են)։ Հանդիպումների սկզբում ներկայացվեցին Ֆինլանդիայի կրթական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև կատարվեց նորարարական և ավանդական մանկավարժական մեթոդների համեմատական վերլուծությունը։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվեցին Ֆինլանդիայում հաջողությամբ կիրառված նորարարական մանկավարժության՝ Ծրագրային ինկուբատորներ, Նորարարական ճամբարներ, Արտադրական տեխնոլոգիաների կենտրոններ և Բիզնես ակադեմիաներ գործնական չորս եղանակները։ Այս քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ուսումնական գործընթացում դրանց կիրառման առավելություններին և հնարավորություններին, առկա խնդիրներին։
ՃՇՀԱՀ՝ ուսումնական այցին մասնակցած պատվիրակության կողմից ներկայացվեց նաև Մինսկում ձեռք բերված առցանց գնահատման FINCODA և HEInnovate գործիքակազմը, մանրամասն ներկայացվեցին նաև դրանց կիրառման հիմնական առանձնահատկությունները։ Քննարկվեցին առաջադրված խնդիրների և դրանց լուծման արդյունավետ եղանակների տեղայնացման հնարավորությունները։ Աշխատանքային բոլոր խմբերի հետ հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանի, քննարկումների անմիջական մթնոլորտում։ Քննարկումների ժամանակ հարցադրումների շրջանակը բավականին լայն էր, քննարկվեցին ուսուցման ավանդական և նորարարական մեթոդների համադրումը, նորարարական գործիքակազմի կիրառական հնարավորությունները և դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրները։ Անդրադարձ կատարվեց նաև համալսանարում դրանց կիրառման և տեղայնացման հնարավորություններին։
Ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման նպատակով կազմակերպված թվով 6 միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցեց 75 մարդ (Ուսումնական այց innocens ծրագրի շրջանակներում)
Սեմինար-քննարկումների մասնակիցները բարձր գնահատեցին քննարկումների արդյունավետությունը և արժևորեցին նորարարական մեթոդական գործիքակազմի կիրառումը տեխնիկական առարկաների դասավանդման մեջ։