(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ , ՀԱՐԳԱՐԺԱ´Ն ՌԵԿՏՈՐ

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը համալսարանական երկարամյա գործունեության ընթացքում, հատկապես որպես ռեկտոր, առանցքային ներդրում է ունեցել բուհի կրթական, գիտական, միջազգային և տեխնոլոգիական առաջընթացում: Իր շնորհիվ էապես բարելավվել է բուհի կրթական և գիտահետազոտական միջավայրը. մասնավորապես լսարանները, լաբորատորիաները և արվեստանոցները համալրվել են նոր սերնդի համակարգչային, ժամանակակից սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով: Նրա ջանքերի շնորհիվ ՀՀ կառավարության կողմից ՃՇՀԱՀ-ին է հատկացվել նոր ուսումնական տարածք, որը վերանորոգվել և կահավորվել է արդի պահանջներին համապատասխան: Մոտ ապագայում շահագործման կհանձնվի BIM լաբորատորիան, որը նոր ասելիք է ինժեներական կրթության ասպարեզում:

Եղիազար Վարդանյանի անմիջական ղեկավարությամբ վերանայվել են համալսարանում գործող բոլոր կրթական ծրագրերը՝ շեշտը դնելով աշխատաշուկայի կարիքների վրա, ինչի շնորհիվ այն կհամալրվի որակյալ և մրցունակ մասնագետներով: Նրա աշխատանքային գործունեության ընթացքում կնքվել են մի շարք միջազգային պայմանգրեր, հուշագրեր բուհերի, գիտական կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի առանցքային  գործընկերների հետ:

Համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում` 6 տարի ժամկետով, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարության որոշմամբ ՃՇՀԱՀ «ճարտարապետություն» մասնագիտությամբ շնորհվող դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիական ճարտարապետի պետական դիպլոմին համարժեք: Բուհը դարձել է ՀՀ-ում «AUTODESK» ընկերության լիազորված ակադեմիական գործընկերը, Չափագրողների միջազգային ֆեդերացիայի ակադեմիական անդամ և Համաշխարհային գյուտարարների ասոցիացիաների ֆեդերացիայի անդամ:

Պարոն Վարդանյանը մշտապես կարևորել է համալսարանի գիտական գործունեությունը, մասնավորապես կիրառական խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովների իրականացումը և հեղինակավոր ամսագրերում գիտական հոդվածների տպագրումը: ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ հիմնադրված և հրատարակված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր»-ը 2023 թվականից տեխնիկական և բովանդակային բարեփոխումների արդյունքում գրանցվել է մի շարք ռեֆերատիվ և գիտաչափական միջազգային շտեմարաններում։

Համալսարանը ներգրավվել է Հայաստանի Հանրապետությունում  իրականացվող խոշորագույն ոլորտային նախագծերում, ինչպես նաև քաղաքաշինական նորմերի մշակման աշխատանքներում:

Պարոն Վարդանյանի ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ընձեռած հնարավորությունների արդյունքում մեծ են նաև դասախոսների, ուսանողների և աշակերտների ձեռք բերած հաջողությունները և հաղթանակները միջազգային ու հանրապետական ամենատարբեր օլիմպիադաներում, ծրագրերում և մրցույթներում։

Կարելի է երկար թվարկել մեր ռեկտորի ղեկավարությամբ  իրականացված ծրագրերն ու բարեփոխումները, որոնք, որպես վստահելի գործընկեր, ամրապնդել են    համալսարանի վարկանիշը ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից ցանկանում ենք մեր երախտագիտության խոսքն ասել մեր հարգարժան ռեկտորին` իր ունեցած անգնահատելի ավանդի և ներդրած ջանքերի համար: Հաջողություն ենք մաղթում պարոն Վարդանյանին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ:

Վստահ ենք՝ ինչպես մեր համալսարանը կարճ ժամանակում գրանցեց զգալի առաջընթաց և վերելք, այնպես էլ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մոտ ապագայում կունենա ակներև հաջողություններ և ձեռքբերումներ:

Բարի երթ, սիրելի´ ռեկտոր…

24.03.24