Շինարարական ոլորտը բոլորին համախմբելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և մտքեր փոխանակելու սովորություն ունի:
Ասվածի ապացույցն այսօր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվող «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիա»-յի խորհրդի տարեկան նիստն է, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների շուրջ 30 բուհերի և կազմակերպությունների ղեկավարներ: Մինչև նիստի մանրամասներին անդրադառնալը, հարկ է նշել, որ ասոցիացիայի հիմնադրման օրվանից մեր համալսարանը, որպես լիիրավ անդամ, ակտիվ գործունեություն է ծավալել, իսկ ասոցիացիայի փոխնախագահն է եղել այդ ժամանակաշրջանի ռեկտոր Ա. Գ. Բեգլարյանը: Ներկայումս ասոցիացիայի անդամ են ԱՊՀ 9 երկրների 22 բուհեր և տարածաշրջանային ստորաբաժանումներ:
Արդեն ավանդույթ է՝ մեր համալսարան ժամանած հյուրերը նախ ծանոթանում են գեղեցիկի, ուսանողների նորարար գաղափարների ու մտքերի հետ: Շինարարական ոլորտի կարկառուն ներկայացուցիչներին դիմավորեցին համալսարանի Ճարտարապետության, Դիզայնի ու Շինարարության ֆակուլտետի ուսանողների աշխատանքները՝ նկարներ, քանդակներ, նախագծեր, ձեռքի տարատեսակ աշխատանքներ: Առաջին տպավորությունն ազդեցիկ էր՝ կարելի էր վստահաբար նկատել հյուրերի հիացական հայացքներից:
Ցուցահանդեսի բացմամբ մեկնարկեց բուն միջոցառումը, որին ներկա էին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՃՇՀԱՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիա»-յի նախագահ, Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանի ռեկտոր Անդրեյ Վոլկովը և ասոցիացիայի անդամ ճարտարապետաշինարարական բուհերի ռեկտորներ, ՌԴ վաստակավոր շինարար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թամրազյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի Գրիշա Թամրազյանը, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Հայաստանի Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՃՇՀԱՀ-ի պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը:
Իր ողջույնի խոսքում ՃՇՀԱՀ ռեկտոր, «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիա»-յի վարչության անդամ Գագիկ Գալստյանը կարևորեց ԱՊՀ երկրների ճարտարապետաշինարարական բուհերի հետ արդյունավետ համագործակցությունը, համատեղ կազմակերպված գիտաժողովներն ու դասախոսների և ուսանողների փոխանակումները: Ռեկտոր Գալստյանը հատկանշական համարեց ինչպես 2002թ-ին, այնպես էլ այսօր, ասոցիացիայի խորհրդի տարեկան նիստի՝ մեր համալսարանում անցկացումը, ինչը խոսում է փոխադարձ վստահության և մասնագիտական ընդհանուր, կայուն ու հեռանկարային ճանապարհի մասին:
Համագործակցության կարևորությունը շեշտեց և ապագա պլանների մասին խոսեց նաև Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանի ռեկտոր, ասոցիացիայի նախագահ Անդրեյ Վոլկովը:
Մեզ հետ զրույցում Վահագն Վերմիշյանն այս երկարամյա համագործակցությունն օգտակար և արդյունավետ համարեց ոչ միայն մեր երկրի, այլ նաև՝ անդամ մյուս երկրների համար, այն պատճառով, որ հայ շինարարներն ու շինարարական կրթությունն օրինակ են եղել բոլոր ժամանակներում:
Ասոցիացիայի հիմնական նպատակներն են՝ Բոլոնյան կրթական համակարգի սկզբունքներին համահունչ ճարտարապետաշինարարական մասնագիտական երեք կրթական աստիճաններով ռազմավարական գործընկերության մշակումն ու հաստատումը: Ռեկտոր Գագիկ Գալստյանի զեկույցը նվիրված էր «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիա»-յի գործունեության շրջանակներում՝ համատեղ կրթական ծրագրերի զարգացման հեռանկարներին: Զեկույցում Գ. Գալստյանն անդրադարձավ ՃՇՀԱՀ-ի անցած ուղուն, զարգացման փուլերին, միջազգային համագործակցություններին և Բոլոնյան կրթական համակարգի շրջանակում իրականացրած բարեփոխումներին: Զեկույցներով հանդես եկան նաև «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիա»-յի փոխնախագահ Եվգենի Կորոլյովը, գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Անդրեևը, պատասխանատու քարտուղար Միխայիլ Սաինովը:
Ի դեպ՝ «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիա»-յի նախագահ Անդրեյ Վոլկովին շնորհվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Հայաստան այցը, սակայն, զեկույցներով ու ելույթներով չի ավարտվում: Տարբեր երկրներից ժամանած հյուրերը կհասցնեն նաև ջերմանալ երևանյան արևով, վայելել պատմամշակութային գոհարներն և, իհարկե, հայկական հյուրընկալությունը: